Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում քվեարկության դրեց ընդդիմության առաջարկով օրակարգ մտած Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու նախաձեռնությունը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քաղաքական իշխող մեծամասնությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, դեմ է քվեարկելու առաջարկին:
ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը նշեց, որ օրենքով սահմանված կարգով իրենք քսան րոպե ընդմիջում են վերցնում: Լրագրողների հետ ճեպազրույցում Վարդանյանը նշեց, որ այդ քսան րոպեով ժամանակ են տալիս իշխող մեծամասնությանը՝ խելքները գլուխները հավաքելու համար:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բնական համարեց քաղաքացիների ընդվզումը նոր ներդրվող համակարգի դեմ, նշեց, որ հարգում է ցանկացած բողոքող քաղաքացու կարծիքը, այդուհանդերձ, հանրապետականները չեն պատրաստվում մտափոխվել. ընդմիջումից հետո կքվեարկեն նույն կերպ:











































