ԱՄՆ-ը դադարեցրել է Պակիստանի տարածքով Աֆղանստանից ռազմական բեռների դուրս բերումը տեղի բնակչության բողոքի ակցիաների պատճառով՝ ուղղված ամերիկյան անօդաչու սարքերի կիրառման դեմ, որոնց հարվածները հանգեցնում են նաև խաղաղ բնակչության շրջանում զոհերի: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ռայթին, Պակիստանի տարածքում ցույցերը վտանգավոր են բեռնատարների վարորդների համար, որոնք պայմանագրով աշխատում են ԱՄՆ զինված ուժերի համար:
«Մենք հույս ունենք մոտակա ժամանակներս վերսկսել բեռների դուրսբերումն այս երթուղով»,- նշել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի տրանսպորտային հրամանատարության ղեկավար, գեներալ Ուիլյամ Ֆրեյզերը հաղորդել էր, որ Պակիստանի տարածքով անցնում է ամբողջ բեռների շուրջ 60%-ը, որոնք դուրս են բերվում Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացի ֆոնին: ԱՄՆ-ը նախատեսում է իր զինծառայողներին Աֆղանստանից հայրենիք վերադարձնել մինչև 2014թ. վերջ:








































