Նոր վարչապետի կադրային առաջին նշանակումները տարաբնույթ գնահատականների են արժանանում։ Պարզ է, որ այստեղ դժվար է գտնել իդեալական լուծումներ, ասենք այնպիսի, որը կհամապատասխաներ հանրային սպասումների ներկայիս շեմին։ Մյուս կողմից, հարկ է հաշվի նստել վերջին տարիներին քաղաքական արատավոր կոնյունկտուրայով պայմանավորված կադրային սովի աղաղակող առկայության հետ։ Ուստի ներկայիս հրատապ լուծումներ պահանջող իրավիճակը չի կարող չենթարկվել ունենք այն, ինչ ունենք օբյեկտիվ հրամայականին։
Հայաստանի և Արցախի համար առանցքային պաշտոններից մեկը, պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Դավիթ Տոնոյանը։ Տոնոյանը մինչև ԱԻ նախարար նշանակվելը պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր, նաև ուներ նախարարության այլ պաշտոններում աշխատանքի մեծ փորձ: Տոնոյանը ունի դրական ընկալում Հայաստանի անվտանգության համար կարևոր դաշնակցային և գործընկերային ուժային կենտրոններում՝ Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ, Բրյուսել, նաև Իրան, ուր նա այցելել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ աշխատած ժամանակաշրջանում:
Տոնոյանը ընդունելի է նաև զինվորականության համար, ինչը նույնպես շատ կարևոր է: Օրվա թեման կլինի հենց կադրային նշանակումների շուրջ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանի և իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ:









































