Եթե խոսենք արտաքին քաղաքական վեկտորների մասին՝ ակնհայտ է, որ հայկական այս հեղափոխությունը բավականին լուրջ հնարավորություններ ու ռեսուրսներ է տալիս: Առաջին հերթին ռեսուրսը լեգիտիմ իշխանություններն են: Եթե ունես լեգիտիմ իշխանություն, կարող ես ինքնիշխան արտաքին քաղաքականություն իրականացնել և համագործակցել բոլոր գործընկերների հետ այնպես, որ դա լինի ի շահ քո երկրի: Սա կարևոր գործոն է: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Բ. Նավասարդյանը նկատեց, որ ցույցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ շեշտել է ինստիտուցիոնալ բարեփոխումների կարևորությունը, ինչը չի կարող գրավիչ չլինել եվրոպական գործընկերների համար:
Երևանի մամուլի ակումբի նախագահի դիտարկմամբ՝ նկատելի է Նիկոլ Փաշինյանի դրական վարվելակերպը հասարակության հետ հաղորդակցվելու ընթացքում, որը կարևորում են նաև եվրոպացի գործընկերները: Նավասարդյանի խոսքով՝ թափանցիկությունը, հասարակության հետ երկխոսությունը պետք է ապահովել նաև ինստիտուցիոնալ մակարդակով: Անհրաժեշտ է նաև համապատասխան օրենքների փոփոխություն՝ խոսքը և՛ կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին է, և՛ ՏԻՄ-ի:
Բ. Նավասարդյանը ինստիտուցիոնալ փոփոխություններից առանձնացրեց Ուկրաինայի օրինակին հետևելով՝ հակակոռուպցիոն գործակալության և հակակոռուպցիոն դատարանի ձևավորումը:
Նրա խոսքով՝ օրենսդրական ակտերի ձևավորումը պետք է իրականացվի որոշակի ռեժիմներով. «Այդ ռեժիմներն արդեն ձևավորված են եվրոպական կառույցներում: Խոսքն առաջին հերթին վերաբերում է ԵԽ կողմից 2017թ. ընդունված ուղեցույցին, որտեղ նկարագրված են այն մեխանիզմները, որոնք ապահովում են նաև քաղաքացիական մասնակցությունը»: Նավասարդյանի կարծիքով՝ մեր հասարակության մեջ առկա է այդ ներուժը:
Նա նշեց, որ կարող ենք օրինակ վերցնել Ուկրաինայից, Մոլդովայից, Վրաստանից: Անդրադառնալով, դիտարկմանը, որ վերոնշյալ երկրները Ռուսաստանի համար այժմ մերժված երկրներ են (այդ երկրներում հեղափոխությունն իրագործվել է Արևմուտքի կողմից հովանավորության արդյունքում, իսկ հայկական հեղափոխությունը հովանավոր չի ունեցել), և Ռուսաստանի կողմից կարող է ընդունելի չլինել այս երկրների օրինակին հետևելը, Նավասարդյանը նշեց. «Այն, որ այդ երկրներում բավարար չափով չի ստացվել ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով գնալ, ինչ-որ տեղ օգտակար է, քանի որ մենք կարող ենք հասկանալ, թե որտեղ է սխալը… Մենք կարող ենք ավելի խելամիտ քաղաքականություն վարել, նաև բացատրական աշխատանք կատարել Ռուսաստանի հետ:
Կարևորելով երկկողմանի արդյունավետ հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Նավասարդյանն ընդգծեց. «Անվտանգության ոլորտում դժվար թե մենք գտնեք այնպիսի դաշնակից, ինչպիսին ՌԴ-ն է»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից հնչած կարևոր ուղերձներին, որոնք ուղղված էին Վրաստանին, Նավասարդյանը նկատեց. «Փաշինյանը շեշտեց, որ Հայաստան- Վրաստան հարաբերություններում աշխարհաքաղաքական գործոնները չպետք է մեծ դերակատարում ունենան»:
Մեր զրուցակիցը նշեց, որ Վրաստանը մեր ամենավստահելի գործընկերն է: «Մենք տեսնում էինք, թե ինչպիսի դեսպաններ էին նշանակվում Վրաստանում: Դա ուղերձ էր այն մասին, որ մենք այդ երկրին լուրջ չենք վերաբերվում: Դա պիտի բացառվի»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































