Սպանություն պատվիրելու և հանցավոր համագործակցություն ստեղծելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի մեղադրանքը վերավորակվել է։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը։ Փաստաբանի խոսքերով՝ Վահագն Աբգարյանի վրայից հանվել է հանցավոր համագործակցություն ստեղծելու մեղադրանքը և Ռոման Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելը։ Մեղադրանքը վերավորակելու համար հիմք է հանդիսացել այս գործով ներգրավված մի շարք անձանց ցուցմունքներ։ Մասնավորապես, դատապարտյալ Արթուր Մնացականյանի բողոքն ու դիմումները, ըստ նրա՝ գործով քննիչը ցանկանում էր իրեն հանցավոր համագործակցության մեջ մտցնել և ցուցմունքներ կորզել Վահագն Աբգարյանի դեմ։
Նշենք, սակայն, որ այս երկու դրվագով մեղադրանքները հանելուց բացի, նոր մեղադրանքներ են առաջադրվել Ալավերդցի Վահագին։ Մասնավորապես, մեղադրանքին ավելացել է
Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետ Թաթուլ Շուշանյանին կաշառք տալու դրվագը և Կամո Փիրուզյանի սպանությունը իրականացնելու համար Վլադիմիր Դավթյանին զենք տրամադրելը, որպեսզի պատվերը իրականացնի։ Այս մասով, սակայն, Ճարոյանի խոսքերով՝ ոչ մի ապացույց չկա։ Միակ ապացույցը Վահագն Աբգարյանի աջ ձեռք համարվող Արթուր Մնացականյանի՝ Արկոյի ցուցմունքն է, որը, փաստաբանի խոսքերով, չի կարող բավարար լինել, քանի որ Արկոն հանցավոր համագործակցության մեջ է նախաքննական մարմնի հետ։ Արկոյին նույնպես այս գործով մեղադրանք է առաջադրված, սակայն նրա կալանքը վերջերս չերկարացվեց և նա հայտնվեց ազատության մեջ, քանի որ ցուցմունք էր տվել Վահագն Աբգարյանի դեմ։
Այս գործում նման տեղաշարժը, մեղադրանքի վերավորակումը իրականում, մեզ հասած տեղեկություններով, պայմանավորված է Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Վահագն Հարությունյանի հանգամանքով։ Մենք արդեն գրել ենք, որ նա առանձնահատուկ էր շահագրգռված այս գործով, որի բացահայտումը պետք է դառնար իր ՝ Քննչական կոմիտեի ղեկավար նշանակվելու հիմնավորումը, սակայն վերջին շրջանում Հայաստանում կատարված իշխանափոխությունը ամբողջությամբ խառնեց բոլորի խաղաքարտերը, այդ թվում՝ Վահագն Հարությունյանի, որը ոչ միայն չի կարող Քննչական կոմիտեի ղեկավար նշանակվել, այլև Մարտի 1-ի գործի բացահայտման և քննության պարագայում ստիպված կլինի պատասխանել մի շարք իր համար խիստ անցանկալի հարցերի։ Մասնավորապես, թե ով է իրեն հրահանգ տվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար աշխատած ժամանակ քննության առարկա չդարձնել մի շարք էական հանգամանքներ ու փաստեր, որոնք կարող էին շրջադարձային լինել գործի բացահայտման համար։
Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանին մեղադրանք էր առաջադրվել՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), Կ. Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով) և Ռ. Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով)։











































