ՄԱԿ-ը էական ապացույցներ ունի, որոնք հիմնավորում են Սիրիայի վարչակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների և նախագահ Բաշար Ալ-Ասադի մեղքը՝ մարդկության դեմ կատարված և ռազմական հանցագործություններում:
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, այս մասին Ժնևում հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավի Փիլայը: Սիրիայում մարդկության դեմ իրագործված հանցագործությունները հետաքննող հանձնաժողովը պատրաստել է մի շարք զեկույցներ, որոնց համաձայն՝ Ալ-Ասադի կառավարական զորքերը պատասխանատու են պարբերաբար իրականացվող սպանությունների, բռնաբարությունների, խոշտանգումների, մարդկանց անհետացման համար:
Հաղորդվում է, որ այդ ցուցակը գաղտնի կպահվի, մինչև քրեական հետաքննություն սկսելը ազգային կամ միջազգային դատական ատյանների կողմից: ՄԱԿ-ի տեղեկատվության համաձայն՝ ընդդիմության կողմնակիցները ևս նման հանցագործություններ կատարել են, սակայն ոչ այն ծավալներով, ինչ կառավարական զորքերը:









































