ԱՄՆ-ն չի մեկնաբանում իրանական «Էլ Քուդս» ուժերի կողմից Գոլանի բարձունքների առաջնագծի ուղղությամբ հարվածները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը՝ խորհուրդ տալով նման հարցերով դիմել Իսրայելի կառավարությանը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նաուերթը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ավելի վաղ հայտարարություն է արել Իրանի նենգամիտ գործողություններին ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ դիմակայության մասին, ինչպես նաև այն մասին, որ Վաշինգտոնը սատարում է Երուսաղեմին ինքնապաշտպանության հարցում։
Մայիսի 9-ի գիշերը Դամասկոսի մերձակայքում գտնվող «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» զինանոցին Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ներառյալ՝ 8 իրանցի ռազմական խորհրդականներ և շիա խմբավորումների 7 մարտիկներ։
Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը իրանական «Էլ Քուդս» ուժերը Սիրիայի տարածքից շուրջ 20 հրթիռ են արձակել Իսրայելի վերահսկողության ներքո գտնվող Գոլանի բարձունքների ուղղությամբ։ Ի պատասխան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Դամասկոսից 40 կմ հեռավորությամբ գտնվող սիրիական դիրքերին։











































