Թուրքիայում իշխող վարչակարգի ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի դեմ յուրօրինակ բողոքի ակցիա է սկսվել, որը ծավալվում է երկրի տարբեր քաղաքների փողոցներում՝ հանդես գալով «Բավակա՛ն է» կոչով։
Բանն այն է, որ օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ իր հիմնած ու երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տարիներին Թուրքիան աննախադեպ առաջընթաց է գրանցել ամենատաբեր ոլորտներում։ Ըստ Էրդողանի՝ իրենց «մեջքը» ժողովուրդն է, իսկ եթե ժողովուրդը հանկարծ ասի «Բավակա՛ն է»՝ իրենք հետ կքաշվեն։

Էրդողանի այս խոսքերից հետո երկրում կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր ուժերի առաջնորդները Tamam (բավակա՛ն է) հեշթեգով գրառումներ են հրապարակել, ինչից հետո նույն հեշթեգով նրանց են միացել հարյուր հազարավոր մարդիկ՝ տարբեր սոցցանցերում։
Նշվում է, որ միայն Twitter-ում նախօրեին երեկոյան Tamam հեշթեգով հրապարակումներ է արել 701.000 օգտատեր։
Բացի այդ, Ստամբուլի Քադըքյոյ շրջանում նախօրեին տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի ժամանակ ցուցարարները պարզել են «Բավակա՛ն է» գրությամբ պաստառներ՝ իրենց բողոքն արտահայտելով իշխող վարչակարգի դեմ։







































