Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցվել է կորոնավիրուսի ինֆեկցիայով վարակման ևս երեք դեպք: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Վիրուսով վարակվել են հայրը, մայրը և 8-ամյա որդին: Ծնողները ծայրահեղ վիճակով հոսպիտալացվել են, իսկ երեխայի մոտ նկատվում են միջին ծանրության հիվանդության ախտանշաններ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հոսպիտալացված կինը հիվանդանոցում ծննդաբերել է: Ներկայում նորածինը և հիվանդների մյուս հարազատները, ինչպես նաև նրանց հետ կապի մեջ գտնվող բուժանձնակազմը գտնվում են վերահսկողության ներքո:
Նոր կորոնավիրուսը ստացել է «Մերձավորարևելյան շնչառական համախտանիշ» (MERS – Middle East Respiratory Syndrome) անվանումը՝ այն պատճառով, որ հիվանդացության դեպքերի մեծ մասը գրանցվում է Մերձավոր Արևելքի երկրներում: Հիվանդության կլինիկական դրսևորումները նման են ատիպիկ թոքաբորբի (SARS) ախտանշաններին: Այդ հիվանդությունից 2003 թվականին մահացել է մոտ 700 մարդ, սակայն հետազոտողների կարծիքով՝ նոր հիվանդությունն ավելի մահաբեր է: Մահացու ելք են կասկածում գրանցված դեպքերի 40 տոկոսի մոտ: Վիրուսն արդեն ավելի քան 70 մարդու կյանք է խլել:











































