ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դեռևս որոշում չի ընդունել հունվարի 22-ին նշանակված Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովի մասնակիցների ցուցակի վերաբերյալ, սակայն, ինչպես նախկինում, կարծում է, որ հրավիրվածների շարքում պետք է լինի Իրանը: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի Լիմայում մամլո ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Պան Գի Մունը հույս է հայտնել, որ մասնակիցների ցուցակը կհամաձայնեցվի նախապատրաստական հանդիպմանը, որը կանցկացվի դեկտեմբերի 20-ին, Ժնևում՝ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Պան Գի Մունն ընդգծել է, որ Թեհրանը կարող է շատ կարևոր դեր խաղալ սիրիական հակամարտությունում և ընդհանրապես ողջ տարածաշրջանում:
«Ես դեռևս որոշում չեմ ընդունել: Այդ հարցը կորոշվի հետաքրքրված կողմերի խորհրդակցություններում, և ես հույս ունեմ, որ կկարողանանք հրավեր ուղարկել մինչև այս ամսվա վերջ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Անցած շաբաթ Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է առանց նախապայմանների մասնակցել համաժողովին, եթե հրավեր ստանա:








































