42 տարի առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց նոր պետություն՝ ԱՄԷ-ն: Մեր օրերում ԱՄԷ-ն դարձել է տնտեսական և սոցիալական ոլորտների բոլոր հատվածներում զգալի առաջընթացի խորհրդանիշ, Պարսից ծոցի տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի գործարար ակտիվության կենտրոն, տնտեսապես բարգավաճող պետություն՝ աշխարհում ամենաբարձր կենսամակարդակներից մեկով՝ յուրաքանրյուր քաղաքացու բաժին ընկնող 33 հազար դոլար եկամտով:
Պետության ձևավորման 42-ամյակի առիթով էմիրությունների բնակիչների համար արժանի նվեր է դարձել Դուբայի հաղթանակը «Էքսպո 2020»-ի անցկացման մրցույթում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես ընդգծվում է ազգին ուղղված՝ ԱՄԷ-ի նախագահ, շեյխ Խալիֆա բեն Զայիդ Ալ-Նահայանի ուղերձում, էմիրություններն առաջատար դիրք է զբաղեցնում արաբական տնտեսական դաշտում շնորհիվ խելամիտ, կանխատեսելի տնտեսական քաղաքականության, որը հիմնված է եկամտի աղբյուրների հրապարակայնության ու դիվերսիֆիկացիայի վրա:
«Երկրի ներքին համախառն արդյունքը 1971 թվականի 6.5 միլիարդից հասել է 1300 մլրդ դիրհամի (ավելի քան 350 մլրդ դոլար)»,- նշել է պետության ղեկավարը, հավելել, որ ածխաջրածնային հումքի արդյունահանման հետ կապ չունեցող տնտեսության ոլորտների մասնաբաժինը նույն ժամանակահատվածում աճել է՝ 30 տոկոսից հասնելով 72-ի:
Տոնական ուղերձում ԱՄԷ-ի նախագահը հայտնել է բնակարանային ծրագրի իրականացման համար հավելյալ 20 մլրդ դիրհամի տրամադրման մասին:
Ազգային դրոշներով են զարդարվել այգիները, փողոցներն ու շենքերը: Անցկացվում են համերգներ: Երեկ երեկոյան Աբու Դաբիում անցկացվել է լազերային շոու և հրավառություն: Տոնի առիթով տարաբնույթ մրցույթներ են կազմակերպվում: Աբու Դաբիի արվարձանում անցկացվում է տեղացիների սիրելի՝ ուղտերով մրցավազքը:
Մինչ 1971 թվականը 7 էմիրությունները գտնվել են Մեծ Բրիտանիայի ենթակայության տակ՝ Պայմանագրային Օման անվանումով:











































