Քիչ առաջ Երևանի Կենտրոնի ոստիկանություն է հրավիրվել քաղաքացիական ակտիվիստ Գոռ Ալեքսանյանը: Ինչպես հայտնում է մեր լրագրողը Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժանմունքի մոտից, ակտիվիստը քայլելիս է եղել Երևանի Ազատության հրապարակում, երբ ոստիկանները մոտեցել են նրան և ասել, թե պարզելու բան կա՝ հրավիրելով ոստիկանություն:
Դեռևս չկա որևէ հիմնավորում, թե ինչու են երիտասարդին հրավիրել ոստիկանություն: Երկար բանակցություններից հետո Գոռ Ալեքսանյանի պաշտպանը կարողացավ մտնել ոստիկանության բաժանմունք: Մինչ այդ՝ «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչո՞ւ ոստիկանությունը հիմնավորում չի տրամադրում, նա պատասխանել էր. « Բաժնի պետը տեղում չէ, գա նոր»:
Տեղեկացնենք, որ Կենտրոնի ոստիկանության բաժնի մոտ են իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը, Արտակ Զեյնալյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն ՀԿ ներկայացուցիչ Սոնա Այվազյանը: Իսկ ոստիկանության շենքում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:









































