ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը շնորհավորել է Վրաստանին, Ադրբեջանին և Մոլդովային Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքների և Եվրամիության հետ մերձեցման կապակցությամբ՝ հաղորդում է contact.az-ը:
«Ես ողջունում եմ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքները Վիլնյուսում: Շնորհավորում եմ Վրաստանին, Ադրբեջանին և Մոլդովային ԵՄ-ի հետ հարաբերություններում կարևոր քայլեր անելու նրանց հաստատուն ընտրության կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն իր գործընկերային ծրագրում կիսում և աջակցում է ԵՄ-ի քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման ուղղվածությունը: Ռասմուսենի կարծիքով՝ այդ գործընթացները նպաստում են Եվրոպայի կայունությանը, ազատությանը և ծաղկմանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի հիշատակել Ուկրաինային, որը չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ Մոլդովան և Վրաստանը Վիլնյուսում նախաստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:









































