Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստանն իր որոշմամբ նվազեցրել է Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի (CEPS) ավագ վերլուծաբան և Բելգիայի Գենտ համալսարանի քաղաքագետ-գիտաշխատող, այս օրերին Վիլնյուսում «Քաղաքական մարտահրավերներ և քաղաքացիական հասարակության ապագա օրակարգը» վերտառությամբ քաղհասարակության համաժողովի զեկուցող, փորձագետ Հրանտ Կոստանյանը:

– Պարոն Կոստանյան, Վիլնյուսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատեց ԵՄ հետ քաղաքական համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը, բայց, ինչպես և ակնկալվում էր, նույնիսկ ՀՀ-ԵՄ հռչակագիր չընդունվեց, եղավ ընդամենը ոչինչ չասող հայտարարություն, որ  կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունը` Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ավելի զարգացնել ու ամրապնդել համապարփակ համագործակցությունը:  Ըստ Ձեզ` սա՞ էր առավելագույնը, որ կարող էր լինել այսօր:

– Ես կարծում եմ, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո չէր կարելի սպասել ավելի խորը համագործակցություն ԵՄ հետ: Հայաստանը, ՄՄ մտնելու ցանկություն հայտնելով, ԵՄ հետ համագործակցության իր հնարավորությունները մեծապես նվազեցրեց` թե՛ տնտեսական, թե՛ ոլորտային համագործակցության առումով: Հետևաբար`անհնար էր մեծ ակնկալիքներ ունենալ, երբ Հայաստանն  իր որոշմամբ արդեն իսկ իրեն զրկել էր այդ հնարավորությունից:

– Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, պնդեց, որ պատրաստ է շարունակել քաղաքական համագործակցությունը ԵՄ հետ, սակայն հայտարարությունը չեզոք ձևակերպումներից էր կազմված: Ինչո՞ւ ԵՄ-ն նման չեզոք դիրքորոշում որդեգրեց:

– ՀՀ-ն իր պատրաստակամությունը չի վերահաստատել. քանի որ ՀՀ-ն հրաժարվել է ստորագրել այն համաձայնագիրը, որը բանակցվել էր ԵՄ հետ գրեթե չորս տարի, սա է պատրաստակամությունը: Այն, որ չորս  տարի  շարունակ ՀՀ-ն վատնել է ԵՄ ժամանակն ու ֆինանսները, ինչից հետո հրաժարվել է ԵՄ հետ խորը համագործակցությունից: Այն, որ ասվում է, թե ՀՀ-ն ցանկանում է շարունակել, հռետորական հայտարարություն է, դա պետք է ապացուցվի գործով և ոչ միայն  հռետորաբանությամբ: Այն երկիրը, որը մտնում է որևէ մաքսային միություն, իրեն զրկում է արտաքին տնտեսական քաղաքականությունը վարելու  ինքնուրույնությունից: Հայաստանը դրանից հետո չի կարող ԵՄ հետ ունենալ լուրջ տնտեսական հարաբերություններ:

– Միգուցե Հայաստանի հետ քաղաքական համագործակցությունը շարունակելու պարագայում հետո հնարավոր լիներ հավելել նաև տնտեսական բաղադրիչը, եթե ՀՀ-ն ՄՄ-ին հետագայում, ինչպես շատերն են կարծում, լիարժեք չամդակցեր:

– Շատ լավ, եկեք վերլուծենք: Ի՞նչ է նշանակում քաղաքական համագործակցություն Եվրոպական միության հետ, երբ հստակ է, որ Հայաստանը քաղաքականապես, այսինքն` մեծապես կախված է ՌԴ-ից: Խոսքն իսկապե՞ս քաղաքական համագործակցության մասին է, թե՞ դրանք ընդամենը խոսքեր են: Ինչ վերաբերում է  հռետորաբանությանը, ապա այո՛, այդ ամենն ասվել է ու ասվում է, սակայն այն, ինչ մենք տեսնում ենք իրականում, բոլորովին այլ է` ՀՀ-ն թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես կախված է ՌԴ-ից, իսկ ՀՀ իշխանություններն` իրենց որոշմամբ հայ ժողովրդին զրկեցին հնարավոր բարեփոխումներից, զրկեցին հնարավոր տնտեսական, քաղաքական ազատություններից և բարեկեցությունից, եթե այս Ասոցացման համաձայնագիրն իրապես գործարկվեր:

– Միանշանակ է, որ ԵՄ չինովնիկները քաջատեղյակ էին տարածաշրջանային մարտահրավերներին, որի կենտրոնական դերակատարը ՌԴ-ն է, տեղյակ էին նաև, որ Հայաստանն իր անվտանգության գործոնով կախված է ՌԴ-ից, բայց ոչինչ չէին անում այդ ընթացքում, ուստի այն, ինչ տեղի ունեցավ, օրինաչափ չէ՞ր: Այս գործոնը մեծապես ազդեց նաև Ուկրաինայի պարագայում:

– Կա մեծ տարբերություն: Ուկրաինան հրաժարվեց  Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, բայց չի մտնում ՄՄ, սա շատ կարևոր նրբություն է, որի մասին չպետք է մոռանալ: Երկրորդ` այո՛, ՌԴ-ն ճնշում է գործադրել Հայաստանի վրա, դա որևէ մեկը չի ժխտում, սակայն միևնույն ժամանակ, այդ ճնշումն աշխատեց, որովհետև Հայաստանում տիրում է ոչ ժողովրդավարական, կոռումպացված քաղաքական դաշտ և օլիգարխիկ տնտեսական դաշտ: Սա պարարտ հող է, որը Հայաստանին դարձնում է կախված ՌԴ-ից: Եթե ՀՀ-ն իսկապես բարեփոխումներ իրականացներ, եթե ՀՀ-ն իսկապես փորձեր իր տնտեսական դաշտն ազատականացնել, ռուսական ճնշումը այնպիսին չէր լինի, ինչպիսին եղավ: Այնպես որ, ես դեմ եմ միայն ՌԴ-ին մեղադրելուն:

 – Պարոն Կոստանյան, այս մթնոլորտում և Հայաստանի հանդեպ ձևավորված տրամադրության պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀ-ԵՄ հարաբերությունները` ոլորտայի՞ն համագործակցություն:

 – Հիմա Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, թե ինչպիսի հարաբերություններ են ցանկանում ԵՄ հետ: Նրանց համար հստակ չէ, չեն պատկերացնում, թե ինչպես կզարգանա Հայաստանը ՄՄ-ում, ԵՄ հետ վստահության մթնոլորտը վնասված է: Եթե ՀՀ-ն մտնում է ՄՄ, նշանակում է` չի կարող ԵՄ հետ տնտեսական համաձայնագիր ունենալ, բայց նաև որևէ այլ երկրի ու կազմակերպության հետ: Համաձայնագրի ոլորտային դաշտը ներառում էր 27 ոլորտ, այդ ոլորտների մեծամասնությունը դուրս է գալիս հիմա, որովհետև դրանց համար ԵՄ-ն ունի մեկ օրենսդրություն, իսկ ՄՄ-ն` մեկ այլ: Հայաստանը չի կարող համագործակցել ԵՄ հետ շատ ոլորտներում, չի կարող համագործակցել ստանդարտների հարցում, և ընդհանրապես սա նշանակում է, որ հարաբերությունները կլինեն նվազագույն: Ակնհայտ է, որ ՀՀ նկատմամբ հետաքրքրությունը Եվրոպայում բավականին նվազել է:

– ՀՀ-ի ՄՄ անդամակցությունը, փաստորեն, դեռևս հարցականի տակ է, քանի որ բացի ՌԴ-ից` մյուս երկու երկրներն այս փուլում դեմ են ՄՄ ընդլայնմանը: Եթե ՀՀ-ն չկարողանա միանալ ՄՄ-ին, կկարողանա՞ վերադառնալ Ասոցացման օրակարգին կամ ԵՄ հետ համագործակցության մեկ այլ ձևաչափի:

– Եթե պարոն Սարգսյանը որոշի, որ ՀՀ-ն չի գնում ՄՄ-ի ուղղությամբ, հետևաբար, քանի որ ԵՄ-ն դուռը բաց է թողել, պատրաստ կլինի Հայաստանի հետ նորից համագործակցություն սկսելուն, սակայն սա չի լինի այնպես, ինչպես որ եղել է, քանի որ ժամանակ է պետք ՀՀ իշխանությունների հանդեպ վստահությունը  վերականգնելու համար: Հասկացեք` չորս տարի այս իշխանությունները բանակցել են, վատնել են մարդկանց ժամանակը, խոստացել են, որ հետևելու են այս ուղուն և մեկ գիշերվա մեջ ամեն ինչ փոխել են, և սա միջազգային հարաբերություններում անթույլատրելի է, պետք է այդ վստահությունը վերականգնվի, սակայն ԵՄ դուռը ՀՀ-ի առջև փակ չէ, եթե նախագահը հարմար կգտնի, կգիտակցի, որ ՀՀ-ն ապագա չունի ՄՄ-ում և կցանկանա վերադառնալ ԵՄ հետ հարաբերությունների սերտացման, ուրեմն ինձ թվում է` դա կողջունվի ԵՄ կողմից:

– ԱլԳ  որոշ երկրների ու ԵՄ-ի միջև փոխհարաբերությունների ձախողումներում ԵՄ թերացումը չե՞ք տեսնում:

– Անշուշտ: ԵՄ-ն կարող էր ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին` ավելի ակտիվ լինելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, ավելի ակտիվ լինելով ՀՀ էներգետիկ ոլորտը բարեփոխելու մեջ, ավելի օբյեկտիվ դիրքորոշում ունենալով ՀՀ-ում ընթացող գործընթացների նկատմամբ, ավելի շատ կենտրոնանալով խնդիրների լուծման վրա և ոչ միայն շեշտադրելով տեխնիկական աջակցությունն ու  ֆինանսական օգնությունը:

– Պարոն Կոստանյան, Ուկրաինայի փորձը, որը թեև չի հայտարարել, որ հրաժարվում է ԵՄ հետ ասոցացումից, ցույց տվեց, որ ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրի նախաստորագրումը երաշխիք չէ, որ նախաստորագրած երկիրը սահմանված ժամկետում կստորագրի համաձայնագիրը: Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին, բայց համաձայնագրի ստորագրմանը կա 9 ամիս, ինչպիսի՞ քաղաքականություն պետք է վարի ԵՄ-ն այս ընթացքում, ինչպիսի՞ տնտեսական արտոնություններ պետք է տրամադրի այս երկրներին, որպեսզի նրանք չհետաձգեն կամ չհրաժարվեն ասոցացումից, և նրանց համար ռուսական հնարավոր պատժամիջոցներն էական չլինեն:

– Պարտադիր չէ, որ երկիրը սպասի համաձայնագիրը ստորագրելուն և սկսի համաձայնագրի գործարկումը: Այն, ինչ Մոլդովան ու Վրաստանը պետք է անեն` դա արդեն այն բոլոր պարտականությունների կատարումն է, որոնք իրենք ստանձնել են համաձայնագրի շրջանակներում: Եվրոպական միությունը պետք է աջակցի այդ երկրներին, որպեսզի այդ բարեփոխումներն իրականանան, պարզապես կարիք չկա սպասել ստորագրմանը, որից հետո սկսել աշխատանքը: Կարելի է սկսել այսօրվանից, և խոչընդոտ չկա: Կան դրույթներ, որոնք ուժի մեջ են մտնում ստորագրման պահից,  ինչպիսին provisional application ասվածն է, բացի դրանից` պատրաստությունը չի կարող չսկսվել այսօր:

– Վիլնյուսյան քննարկումների թեման կարծես հիմնականում Հարավային Կովկասում և ԱլԳ երկրների նկատմամբ ՌԴ քաղաքականությունն էր: Ռուսաստանի հետ համագործակցության ի՞նչ ձևաչափեր են մշակվում` ՌԴ գործողությունները, թերևս, ավելի վերահսկելի դարձնելու համար:

– ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ կարծիքները շատ տարբեր են: Իմ կարծիքով` ԵՄ-ն մարտավարություն չունի` ինչպես վարվել Ռուսաստանի հետ, երբ խնդիրը վերաբերում է Արևելյան հարևանության երկրներին: Կան մի խումբ մասնագետներ, որ կարծում են, թե ԵՄ-ն շատ կոպիտ դիրքորոշում պետք է ընդունի, կան մասնագետներ, ովքեր կարծում են, որ դա այնքան էլ օգտակար չի լինի: Մի խոսքով` այս հարցը դեռ քննարկվում է, և հարցին որևէ պաշտոնական հանգուցալուծում չի տրվել: Քննարկումներն ընթանում են տարբեր մակարդակներով և դեռ կշարունակվեն, այսպիսի խնդիրները մեկ օրվա մեջ չեն լուծվում: Վերջին 4-5 ամիսների ընթացքում մենք ունենք նոր իրավիճակ, և այդ նոր իրավիճակը պետք է տարբեր ոլորտներում քննարկվի ու հնարավոր կոնսենսուս գտնվի, թե ինչպես պետք է վարվել ՌԴ հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում