Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը դատապարտել է Կիևի կենտրոնում ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը` հաղորդում է RIA Novosti-ն:
«Շարունակում եմ աշխատել այն ուղղությամբ, որ հասկանամ` ինչ է տեղի ունեցել, սակայն անխոս դատապարտում եմ ցուցարարների հանդեպ կիրառված բռնությունը»,- գրել է դեսպանը Twitter-ի միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումները շաբաթ վաղ առավոտյան ցրել են եվրաինտեգրման կողմնակիցների ցույցը Կիևի կենտրոնում:
«ԱՄՆ-ը դատապարտում է Անկախության մայդանում կիրառված բռնությունը ցուցարարների հանդեպ, որը տեղի է ունեցել լուսադեմին: Մենք Ուկրաինայի կառավարությանը կոչ ենք անում հարգել քաղաքացիական հասարակության իրավունքը և խոսքի, հավաքների ազատության իրավունքը, որոնք հիմնական ժողովրդավարական սկզբունքներն են և մեր ռազմավարական գործընկերության անկյունաքարն են» ,- ասվում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան մամլո հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանը Ուկրաինայի իշխանություններին կոչ էր արել ուժ չկիրառել ցուցարարների հանդեպ:










































