Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ընտանեկան զամբյուղի պարենային մասը կազմում է 56.9 տոկոսը, իսկ ահա կոմունալ ծախսերին բաժին է ընկնում 27.7 տոկոսը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
«Եթե ընտանիքի եկամտի 25 տոկոսը հատկացվում է սննդին, գործ ունենք աղքատության շեմի հետ: Իսկ Հայաստանի պարագայում այդ թիվը 56.9 տոկոս է: Մեր տվյալներով Հայաստանի բնակչության միայն 10-12 տոկոսին գները չեն հետաքրքրում, սակայն մենք մնացած 90 տոկոս աղքատ բնակչության խնդիրներով ենք մտահոգ: Հայտնի է, որ մեր երկրում նվազագույն աշխատավարձը և միջին թոշակները չեն բավականացնում մարդու նվազագույն պահանջները հոգալուն»,- ասաց Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ մսի 45 տոկոսի վաճառքը Հայաստանում բաժին է ընկնում Նոր տարվա նախաշեմին:
Սպառողների ասոցիացիայի նախագահի խոսքով, Նոր տարվա նախաշեմին արդեն իսկ տեսանելի է որոշ սննդատեսակների գնաճը: «Օրինակ` թանկացումն ակնհայտ է ձվի շուկայում, ինչն արդյունք է արատավոր տնտեսական կառավարման: Ձու և թռչնամիս արտադրելն ամենաշահավետ բիզնեսն է, որն ամենարագն ու հեշտն է սեփականատիրոջը եկամուտներ ապահովում»,- ասաց Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ կրիմինալի դասական օրինակ է ներկրված, ասենք` պարսկական ձվի վրա տեղական արտադրողների կողմից մակնշումներ կատարելը:











































