Բրիտանական easyJet ավիափոխադրողի օդաչուները, որոնք աշխատում են Պորտուգալիայում, հայտարարել են առաջիկա ձմեռային տոներին անցկացվելիք գործադուլի մասին:
«easyJet-ի՝ Լիսաբոնում բազավորված օդաչուները հայտարարել են դեկտեմբերի 13-ին, 24-ին, 26-ին և 31-ին, նաև՝ հունվարի 1-ին սպասվող գործադուլի մասին»՝ արհմիության խոսքը մեջբերում է Ria Novosti-ն:
Ավիաընկերության աշխատակիցները մտադիր են պահանջել աշխատանքային պայմանների բարելավում: Նրանց կարծիքով՝ easyJet-ը չի հետևում Պորտուգալիայի աշխատանքային օրենքի պահանջներին՝ արձակուրդի տևողության և ամսական թռիչքների առավելագույն թվի մասին, նաև օգտվում է երկրում տնտեսական դժվար իրավիճակից՝ իջեցնելով աշխատավարձերը:
Արհմիության տվյալներով՝ Պորտուգալիայում easyJet-ի օդաչուների աշխատավարձն ամենացածրն է Եվրոպայի այլ երկրների ընկերությունների աշխատողների աշխատավարձերի համեմատ:
Սպասվում է, որ նշված օրերին 24 ժամ չի աշխատի easyJet-ի 43 օդաչու: Նրանք միայն թռիչքներ կիրականացնեն Լիսաբոնից պորտուգալական Մադեյրա արշիպելագ:









































