Այսօր Վիլնյուսում Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ տեղի է ունեցել ՎՈւԱՄ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը՝ Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսի մասնակցությամբ:
Հանդիպումից հետո նախարարների կողմից համատեղ կոմյունիկե է ընդունվել: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով ՎՈւԱՄ քարտուղարության մամլո ծառայությանը:
Հանդիպման մասնակիցները հավանություն են տվել «Արևելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակում ՎՈւԱՄ-ի ու ԵՄ-ի միջև խորհրդակցությունների անցկացման ավանդույթին:
Կողմերը նշել են եվրաինտեգրման հարցում ՎՈւԱՄ անդամ երկրների ձեռք բերած առաջընթացը և ողջունել ԵՄ հետ Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի ասոցացման մասին համաձայնագրերի ակնկալվող ստորագրումը:
Հանդիպման ընթացքում նշվել են համագործակցության հեռանկարները էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, զբոսաշրջության, կրթության և միջազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտներում: Բացի այդ, նախարարները նշել են ԵՄ աջակցության կարևորությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում ՎՈւԱՄ անդամների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման համար:








































