Խորհրդային տարիները հայ ժողովրդի համար շրջադարձային եղան. ԽՍՀՄ 70 տարիները Հայաստանի համար իրապես պետք է ոսկեդար կոչել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Տաճատ Սարգսյանը` հիշեցնելով, որ Հայաստանը խորհրդային երկիր հռչակվեց 1920 թվականի նոյեմբերի 29-ին:
«Մինչև 1914-15 թվականը Հայաստանում գործում էր մի քանի դպրոց, իսկ ահա խորհրդային տարիներին դպրոցների թիվը երկրում հասավ 180 հազարի: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Երևան մուտք էր գործում երկու հազար, դուրս գալիս հազար բեռնատար գնացք: Օտարներն էին ասում, որ հրաշք տեսնելու համար պետք էր գալ Խորհրդային Հայաստան: ԽՍՀՄ 70 տարիները մեզ համար ծաղկման և բարգավաճման տարիներ էին: Իսկ այժմ հինգ միլիարդատերերի կողքին կան 80 տոկոս աղքատներ, կա արտագաղթ: Սա իսկական աղետ է երկրի համար: Իշխանություններն այսօր չորսուկես միլիարդի պարտք ունեն: Կոռուպցիան ու մենաշնորհը խեղդել են Հայաստանը»,- ասաց նա:
Տաճատ Սարգսյանն իշխանություններին կոչ արեց և պահանջեց պետականորեն ճանաչել Խորհրդային Հայաստանը, նոյեմբերի 29-ը նշել որպես երկրորդ հանրապետության ծննդյան տոն: «Սա իշխանությունների պարտքն է և բարոյական գործը»,- ասաց նա:
Անդրադառնալով լուրերին, որ ՀԿԿ-ում խմորումներ կան, Տաճատ Սարգսյանը հերքեց դրանք: «Ուղղակի ընկեր Թովմասյանը, երկար տարիների աշխատանքից հետո, խնդրեց պլենումին` իրեն ազատել առաջին քարտուղարի պաշտոնից: Եթե կուսակցությունը համագումարի ընթացքում գտնի, որ ես պետք է ղեկավարեմ կուսակցությունը, ապա ես խոնարհաբար այդպես էլ կվարվեմ: Իսկ ահա մեր կուսակցության անդամ հանդիսացող բազմաթիվ երիտասարդները պաշտոններ կունենան կուսակցական տարբեր կառույցներում»,- ասաց նա` հավելելով, որ ՀԿԿ-ն առաջիկայում դառնալու է ընդդիմության առաջամարտիկ` իշխանություններից պահանջելով կարգուկանոն հաստատել երկրում:
«Մենք ոչ թե իշխանափոխության ենք ձգտում, այլ համակարգային փոփոխությունների հասնել: Մենք ենք հանձնել հանրապետությունը, մենք էլ պետք է վերադարձնենք այն»:
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատարը, խոսելով Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու հարցի շուրջ, նշեց, որ պետք է անել ամեն բան` արագացնելու այդ գործընթացը: «Հայաստանը եղել է, կա և պետք է լինի Ռուսաստանի հետ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի` Ադրբեջանին զենք մատակարարելու հանգամանքին, ապա ասում եմ` հանգիստ քնեք, քանի որ Ղարաբաղն ապահով ձեռքերում է»:






































