Թեև միայն Շիրակի մարզն է առանձնակի ոգևորությամբ սպասում ՌԴ նախագահ Պուտինի այցին, քանի որ վերջինս այցելելու է Գյումրի՝ մասնակցելու թվով երրորդ հայ-ռուսական տնտեսական ֆորումին, սակայն մյուս մարզպետներն էլ են հուզված: Նրանք բոլորն էլ մասնակցելու են տնտեսական ֆորումին՝ փորձելով համագործակցության առաջարկներ քննարկել Ռուսաստանի իրենց գործընկերների հետ:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը չթաքցրեց, որ իրենք առանձնակի ոգևորությամբ են սպասում Պուտինի այցին, միայն դժգոհեց՝ անձրևները չեն թողնում մաքրման ու ասֆալտապատման աշխատանքներն ավարտին հասցնել: Իսկ ինչ վերաբերում է սպասելիքներին, ասաց, որ դրանց մասին կարող է խոսել միայն այցից հետո:
Մինչդեռ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն առանձնակի սպասելիքներ ունի Պուտինի այցից, քանի որ իրենց մարզը Լենինգրադի մարզի հետ փոխհամագործակցության պայմանագիր ունի, և կարծում է, որ այսօրինակ այցերը կնպաստեն հետագա համագործակցությանը:
«Որքան շատ լինեն այդպիսի համագործակցությունները, հանդիպումները, այնքան ավելի լավ: Նաև մենք փորձում ենք ձեռք բերել առևտրատնտեսական համագործակցություն, որպեսզի կարողանանք արտահանել մեր մարզի պտուղ-բանջարեղենը, միրգը, պահածոները: Կփորձենք գործնական առաջարկներ ներկայացնել և համագործակցության եզրեր գտնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մարզպետը:
Վերջինս ողջունում է Մաքսային միության գաղափարը և մեծ ոգևորությամբ սպասում Հայաստանի մուտքին այդ կառույց:
«Անշուշտ ողջունում եմ: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Բոլոր առումներով դա մեզ ձեռնտու է՝ և որպես ռազմավարական դաշնակից, և համագործակցության առումով: Ողջունելի են նաև մեր երկրի նախագահի կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը»,- ավելացրեց Սահակյանը:
Նա ողջունում է նաև Պուտինին ոգևորությամբ դիմավորելու միտքը և արտառոց ոչինչ չի տեսնում դրանում: «Բա պետք է ոգևորվեն, բա մեր դաշնակից երկրի նախագահն է գալիս, և պետք է պատշաճ, հարգի, լավ ձևով դիմավորենք ու ճանապարհենք: Բա պետք ա ուզենք, որ էդ մարդիկ գոհ գնան, մեզ էլ հարգեն ու մեր ընտանիքի, պետության, ժողովրդի մասին լավ պատկերացումներով գնան, որ իմանան՝ մենք հայ ժողովուրդ ենք, ունենք դարավոր պատմություն:
Մեր երկիրը անկախ պետություն է, փառք հայոց նախագահին: Մենք ունենք հայոց նախագահ և անկախ պետականություն: Փառք Հայաստանի Հանրապետությանը»,-չթաքցնելով ոգևորությունը՝ արտահայտվեց Սարգիս Սահակյանը:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն անձամբ սպասելիքներ չունի այցից, նրա կարծիքով՝ երկիրը պետք է սպասելիքներ ունենա: «Սպասելիքներ պետք է երկիրն ունենա: Ու քանի որ մեր երկրի նախագահը իր արտաքին քաղաքականությունը վարում է դեպի Մաքսային միություն, որը ճիշտ է, բնական է, որ այդ պաշտոնական կամ աշխատանքային այցի ժամանակ շատ խնդիրներ կբարձրացվեն, կքննարկվեն, և ես կարծում եմ, որ պետք է դրական լուծումներ լինեն»:
Ինչո՞վ է ճիշտ համարում Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելը, և դա ի՞նչ կարող է տալ Հայաստանին՝ հարցից մարզպետը վրդովվեց, ասաց, որ արտաքին քաղաքականությամբ չի զբաղվում. «Ես զբաղվում եմ մարզի տնտեսական գործունեությամբ և մարզի առջև դրված խնդիրների լուծմամբ»:
Մարզպետից հարցրինք նաև՝ Մաքսային միություն մտնելը ճիշտ է համարում միայն այն պատճառով, որ դա ՀՀԿ ղեկավարի որոշո՞ւմն է, թե՞ ինքն անձամբ է եկել այդ համոզման: «Ես կարծում եմ, որ Մաքսային միությունը տնտեսապես Հայաստանին օգուտ կտա, համ էլ իմ կուսակցության առաջնահերթություններից է, նաև այդ պատճառով եմ ճիշտ համարում»,- ասաց նա:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն էլ չցանկացավ խոսել Պուտինի այցից. Պուտինը կգա, կգնա, նոր ինքը կխոսի: Իր ղեկավարած մարզն էլ առանձնապես չի պատրաստվում այդ այցին: «Պուտինը գնում է Գյումրի, ինչի՞ պիտի իմ մարզը պատրաստվի»,- զարմացավ մարզպետը: Իսկ Մաքսային միությունից Հայաստանի օգուտների մասին խոսել չցանկացավ՝ ասելով, թե այդ հարցի շուրջ պետք է շատ երկար խոսի, որպեսզի կարողանա ամբողջացնել մտքերը:
Մեր զրուցակից մարզպետներից միայն Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի համար էր Պուտինի այցը ոչ տաք-ոչ սառը: «Սա հերթական այց է, որը համընկավ հայ-ռուսական հերթական ֆորումին: Ամեն այցից հետո քննարկվում են նախորդ այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, քննարկվում են արդյունքները և հետագա անելիքները: Կգա, կտեսնենք՝ ինչ կքննարկեն: Ինձ թվում է՝ շատ ոգևորվելու անհրաժեշտություն չկա: Օրը կգա՝ բարին էլ հետը»:








































