Չորեքշաբթի Թունիսի հարավարևմտյան Սիլյանա քաղաքում ցուցարարների հետ բախումներում ոստիկանության 50 աշխատող է տուժել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին:
Նախարարությունում ընդգծել են, որ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում:
Այսօր իրավիճակը քաղաքում, որտեղ երեկ իսլամական իշխանությունների դեմ համընդհանուր գործադուլը վերաճել էր անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների, նորմալացել է:
Վերջին օրերին Թունիսի միանգամից մի քանի նահանգներում համընդհանուր գործադուլներ են անցկացվել ընդդեմ աղքատության, երկիրն անգրագետ ղեկավարելու, իսլամական նորմերի ներմուծման փորձերի դեմ: Քաղաքների բնակիչները զանգվածային բողոքի ակցիաներ են կազմակերպում, որոնք հաճախ անկարգությունների են վերածվում:








































