Ռուսաստանը կարող է շահել ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացումից: Այս մասին ուկրաինական «Սեգոդնյա» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստման գործընթացը: Կառավարությունն այս որոշումը մեկնաբանել է ԱՊՀ երկրների և Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությամբ:
«Մեկնաբանելով համաձայնագրի ստորագրման նախապատրաստման գործընթացում դադարը՝ նախարարների կաբինետը և նախագահը խոսում են մի շարք միջոցների մասին, որոնք ձեռնարկել է Ռուսաստանը: Սակայն դրանք անհիմն են. Ռուսաստանը ևս կարող է շահել համաձայնագրի ստորագրումից: Ուկրաինայի հետ ասոցացման հարցում չկա մի բան, որը կարող է բացասաբար ազդել Ռուսաստանի վրա: Ռուսաստանը ԵՄ-ի համար ռազմավարական գործընկեր է, և մենք ցանկանում ենք օգտագործել այդ գործընկերության ամբողջ ներուժը»,- ասել է Ֆյուլեն:
Եվրահանձնակատարն ընդգծել է, որ գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի հանդեպ կիրառվող ցանկացած ճնշում, ԵՄ-ի հետ հարաբերությունները ավելի սերտացնելու որոշման պատճառով, անթույլատրելի է:











































