ԱԺ կանոնակարգ օրենքում «Ժառանգություն» խմբակցության առաջարկած փոփոխությունն, ըստ որի՝ կարգազանց կհամարվեն այն պատգամավորները, ովքեր կքվեարկեն գործընկերների փոխարեն, առաջնային կարևորության օրենք պիտի լիներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ մենք ունենք խնդիր, որ ամեն մեկն իր համար պետք է որոշում կայացնի, սակայն մի կողմից ասում ենք, որ պատգամավորը միայն և միայն իր համար է քվեարկում, մյուս կողմից ասում ենք՝ չէ, գիտես ինչ կա, այսպիսի խնդիրներ կան, բայց չունենք մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու կարգ:
«Սա առաջին քայլն է, որով մարդիկ պետք է ձևավորեն ընկալում՝ ես այստեղ եմ ընտրված, որ իմ կամքով կարողանամ կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկել, երբևէ չքվեարկեմ ուրիշի համար, և եթե ուրիշը չի գալիս, չի մասնակցում, ապա նրա փոխարեն քվեարկելով՝ խաբելով եմ որոշում անցկացնում: Խաբելը խաբել է, դա բոլորը պիտի գիտակցեն, ի՞նչ տարբերություն՝ ինչ ձևով խաբես՝ փող գողանա՞ս, թե՞ ուրիշի փոխարեն քվորում ապահովես»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ականները կարծում են՝ ուրիշի փոխարեն քվեարկելը օրենքի արդյունավետության վրա բացասաբար չի ազդում, Պողոսյանը նշեց, որ իշխող մեծամասնության ցանկացած ներկայացուցիչ նույնն է ասելու, որովհետև իրենք անցկացնում են այն օրենքները, որոնք ուզում են, սակայն ժողովուրդը գնահատում է, ուստի թող նաև ասեն՝ ժողովուրդը դա ոնց է գնահատում: Հարցին՝ արդյոք ընդդիմության շարքերո՞ւմ էլ կան միմյանց փոխարեն քվեարկողներ, պատգամավորը նշեց, որ նման դեպք չի լսել: «Թող որևէ մեկին գտնեն, ցույց տան, ես շատ ուրախ կլինեմ, որ մի օր մտնեմ Youtube և տեսնեմ՝ ընդդիմությունում ոնց են միմյանց փոխարեն քվեարկում: Այս օրենքը, որ մենք առաջարկել ենք, բոլորիս համար է՝ ոչ միայն մեծամասնության, այլև ընդդիմության: Եթե կգտնեն դեպքեր, թող դնեն, ամոթի սյունին գամեն, նույնիսկ համաձայն եմ՝ Քրեական օրենսգրքում նախատեսվի պատասխանատվություն»,- ասաց նա:
Թ. Պողոսյանից փորձեցինք ճշտել՝ պատգամավորին «կարգազանց» համարելն ինչ է ենթադրում, ի պատասխան՝ նա մի քանի տարբերակ նշեց. գուցե ինչ-որ չափով գումարից կզրկեն, ելույթի կամ էլ քվեարկելու իրավունքից: Պողոսյանի խոսքով՝ մենք այդպես էլ չկարողացանք հասկանալ, որ նույն Էթիկայի հանձնաժողովը պիտի աշխատեր, որ կարողանար ձևավորել այդ ինստիտուտը: Նրա համոզմամբ՝ բոլոր ինստիտուտները քայլ առ քայլ զարգանալու են, սա առաջին քայլն էր: «Չի կարելի ուրիշի փոխարեն քվեարկել, դա ամոթ է, սխալ է, օրենքի խախտում: Հիմա եթե այս օրենքն աշխատի և պտուղները տա, բնականաբար, ավելի զարգացած պառլամենտարիզմ կունենանք, ոչ թե այնպես լինի, որ՝ դե, հիմա, եկել եմ, չեն նայում, կողքիններիս համար էլ քվեարկեմ: Ինձ թվում է՝ օրենքը կընդունվի, հանձնաժողովում այն արդեն դրական եզրակացություն է ստացել, սակայն գուցե նորից բոյկոտ կհայտարարեն կամ ինչ-որ բան կգտնեն դրանում, դա արդեն իրենց խնդիրն է»,- ասաց նա:
Պողոսյանը շեշտեց՝ ընդդիմության ներկայացրած օրենքներն ընդունելու մեջ վատ բան չկա, մանավանդ՝ ընդդիմությունը միայն լավ օրենքներ է ներկայացնում, թող սա լինի առաջին պտուղը, նրան կհաջորդի նաև երկրորդը, այստեղ էլ, ըստ պատգամավորի, այն գաղափարն է, որ պետք է դրական փոփոխություններով կարողանանք առաջ գնալ: «Եթե բոլորս միասին լավ երկիր կառուցենք, վա՞տ բան է: Թող իրենք կառուցեն ժողովրդավար, լավ երկիր, ես էլ վայելեմ՝ մնալով միշտ ընդդիմություն»,- ասաց նա:








































