Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Մահմուդ Ահմադինեժադի միջև այսօր Բաքվում կայացած բանակցությունների արդյունքում հուշագիր է ստորագրվել էներգետիկայի և տրանսպորտի բնագավառում փոխգործակցության վերաբերյալ,- այս մասին հաղորդում է Trend գործակալությունը: Փաստաթղթով նախատեսվում է երկու երկրների միջև համագործակցության խորացում` Իրանին ադրբեջանական գազի մատակարարումների և հյուսիս-հարավ փոխադրամիջանցքի շրջանակներում ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության զարգացման գործում: Ինչ վերաբերում է Իրանին ադրբեջանական գազի մատակարարումներին, ապա Իրանի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են տարեկան ընդունել մինչև 5 մլրդ խորանարդ մետր գազ: