Իրանը կշարունակի շինարարական աշխատանքները Արաքի ատոմային օբյեկտում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆին:
«Ռեակտորի հզորությունը չի մեծացվի, նոր միջուկային վառելիք չի արտադրվի, նոր սարքեր չեն լինի, սակայն շինարարությունը կշարունակվի»,- ասել է արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ կիրակի Իրանը և «վեցյակ»-ը համաձայնության են հասել Թեհրանի միջուկային ծրագրի հարցում, ըստ որի՝ Իրանը պարտավորվում է հրաժարվել 5%-ից բարձր ուրանի հարստացումից և պատասխանատվություն է ստանձնել չմեծացնել միջուկային վառելիքի հարստացման հզորությունը իր ռեակտորներում:
Միևնույն ժամանակ Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանը միջուկային ծրագրի հարցով «վեցյակ»-ի հետ համաձայնության գալուց հետո մտադիր է մեծացնել մինչև 5% ուրանի հարստացման արտադրությունը:









































