Այսօր Մամուլի ազգային ակումբը ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ հրավիրեց հասարակական-քաղաքական քննարկում՝ «Հայաստանը փակուղո՞ւմ, թե՞ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» թեմայով: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը, Կարեն Կարապետյանը՝ ՀՀՇ կուսակցության գլխավոր քարտուղար, ՄԻԱԿ քարտուղար, ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը:
Թեմայի շուրջ խոսեց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը՝ ասելով, որ ՀՀ-ն տարածաշրջանային զարգացումների խաչմերուկում է, և այդ խաչմերուկում Հայաստանն իր քաղաքականությունը կառուցում է՝ ելնելով իր շահներից:
Ըստ նրա` Հայաստանը հայտարարել է ՄՄ-ին միանալու մասին, բայց միաժամանակ շարունակում է ներքին քաղաքական համակարգի արդիականացման գործընթացը ԵՄ-ի օգնությամբ:
«Մնում է կարևորագույն հիմնահարց, և այս տեսանկյունից ԵՄ-ի հետ համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել, կան և մնում են, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: ՄՄ-ին միանալու ՀՀ հայտարարությունը ելնում է մեր ազգային շահերից, և հիմնականը տնտեսական, անվտանգության և տարածաշրջանային հիմնահարցերն են:
ՀՀ հիմնական արտահանումը գնում է ՄՄ երկրներ, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի և այլ ուղղություններով, էներգետիկ ռեսուրսները ներկրվում են այդ երկրներից: Երկուսուկես մլն մեր հայրենակիցները, ովքեր բնակվում են ՌԴ-ում, ցանկություն ունեն Հայաստանի հետ գործարար կապեր հաստատել, նրանք ուզում են աշխատել մաքսազերծ տարածքում:
Այսինքն՝ ՄՄ-ին միանալու որոշումը բխում է մեր շահերից, բայց մեր քաղաքականությունը ԵՄ-ի նկատմամբ մնում է, շարունակվում է ՀՀ ինստիտուցիոնալ արդիականացման գործընթացը»,- նշեց նա:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի











































