Իրանի նախագահ Հասան Ռուհանին երեքշաբթի ելույթ է ունեցել իրանական հեռուստատեսության ուղիղ եթերում՝ ամփոփելով առաջին 100 օրվա նոր կառավարության կատարած աշխատանքը: Այս մասին փոխանցում է Trend գործակալությունը:
Ռուհանին հարցազրույցում իրանցի ժողովրդին տեղեկացրել է երկրում տիրող քաղաքական և տնտեսական վիճակի մասին:
Ռուհանիի խոսքով՝ վարչակազմի 100-օրյա հաշվետվությունը կազմված է երեք մասից: Առաջին մասը ներկայացվել է հենց նախագահի կողմից: Երկրորդ մասը, ինչպես սպասվում է, կհրապարակվի ԶԼՄ-ներում, իսկ երրորդ մասը կներկայացվի փոխնախագահների և համապատասխան ոլորտների նախարարների կողմից:
Ռուհանին նշել է, որ իր առաջին քայլը եղել է ներքին պահանջների բավարարման համար պարենամթերքի բավարար քանակի կուտակումը: Նրա խոսքով՝ կառավարությունը ծրագրում է հիմնական սննդամթերքի երկուական փաթեթ տրամադրել անապահով իրանցիներին մինչև ընթացիկ տարվա վերջը (2014-ի մարտի 20):
Նախագահը նշել է, որ նախորդ օրացուցային տարում երկրում բարձր սղաճը և բացասական տնտեսական աճը վերջին 50 տարում աննախադեպ էին: Նրա խոսքով՝ սղաճը կազմել է ավելի քան 40 տոկոս: Ռուհանին նշել է, որ իր պաշտոնակալման ժամանակ երկրում սղաճը կազմել է 43 տոկոս, սակայն իրեն հաջողվել է ցուցանիշը հասցնել 36 տոկոսի: Նա խոստացել է մինչ տարեվերջ սղաճը հասցնել 35 տոկոսի:
Ինչ վերաբերում է երկրում տնտեսական աճին, Ռուհանին հայտարարել է, որ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի այդ ցուցանիշը հասցնի 0.5 տոկոսի՝ ներկայիս -5.8-ի փոխարեն: Բացի այդ, նա խոստացել է հաջորդ օրացուցային տարում ցուցանիշը հասցնել 3 տոկոսի:
Ռուհանին իր ելույթում ասել է, որ Իրանը շարունակում է ուրանի հարստացումը, քանի որ դա Միջուկային զենքի տարածման մասին պայմանագրով ամրագրված իրավունք է:
Նախագահը իրանցի ժողովրդին խոստացել է, որ կառավարությունը երբեք չի հրաժարվի իր իրավունքներից և կպաշտպանի քաղաքացիների իրավունքները:









































