Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր քաղաքագետ, գործարար Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի և Վարուժան Սաֆտալյանի գործով ունկնդրվեց մեղադրող Արամ Ամիրզադյանի ճառը:
Դատախազը միջնորդեց Արկադի Վարդանյանին վերջին հաշվով դատապարտել 10 տարի ազատազրկման, Արսեն Ավետյանին՝ 11 տարի ազատազրկման, Վարուժան Սաֆտալյանին՝ 3 տարի 6 ամիս ազատազրկման, կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել 3 տարի փորձաշրջան:
Մեղադրողի ճառի ընթացքում ղողանջում էին եկեղեցու զանգերը՝ երկնայինի մասին իրենց հիշեցումը կատարելով աշխարհիկ գործերին:
Տուժող Ռոբերտ Ավետյանն ընթերցեց իր խոսքը: Նա հայտնեց, որ Արսենին հանել էր տան գրանցումից, ոչ՝ իր սրտից: «Արսենը մեղավոր չի հաշվում իրեն, ոնց որ և՝ ես… Խնդրում եմ ներեք մոլորված Արսենին, ով փաստորեն հանցանք չի գործել ո՛չ պետության, ո՛չ իր հոր նկատմամբ: Նա հավատարիմ է եղել Աստծո քարոզին, իսկ խոսակցությունը եղել է սատանայից: Մոլորված մարդը իրավունք ունի, նա չի հասկանում, սատանան է թելադրում նրան: Արսենը հարգված, կրթված մարդ է, պիտի ազատության մեջ լինի, որ տեր կանգնի որդիներին, թոռներին ու մեծահասակ հորը…»,- ասաց ամբաստանյալ Ավետյանի հայրը՝ տուժող Ռոբերտ Ավետյանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը, իմանալով, որ իր հայրը՝ Ռոբերտ Ավետյանը, իրեն ու իր որդուն հանել է Սարմենի փողոցում գտնվող առանձնատան հաշվառումից, որպեսզի վաճառի տունը և մեկնի արտերկիր, նպատակադրվել է տիրանալ առանձնատանն ու գույքին: Այդ նպատակին հասնելու համար Արսենը որոշել է սպանել իր հորը:
Հանցագործությունը կատարելու մտադրության մասին նա 2013 թվականի մայիսի 14-ին հայտնել է իր մտերիմ Արկադի Վարդանյանին: Ավետյանն ու Վարդանյանը քննարկել են սպանության իրագործման տարբեր եղանակներ, և ընտրվել է հանքային ջրի մեջ հոգեմետ դեղի մեծ քանակություն լցնելու, Ռոբերտ Ավետյանին որպես մահացու խառնուրդ հրամցնելու տարբերակը:
Արսեն Ավետյանը մայիսի սկզբին իր ծանոթ Վարուժան Սաֆտալյանից ապօրինի կերպով ձեռք էր բերել «Ազալեպտին» հոգեմետ դեղի երեք հաբ՝ 0,285 գրամ ընդհանուր քաշով:
Հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Արկադի Վարդանյանը Արսեն Ավետյանին ասել է, թե նրան կմատնի նա, ով դեղահաբերը տվել է, նա ճիշտ ճամփա չի ընտրել, օրինակ՝ ինքը շատ ծանոթ բժիշկներ ունի, կարող էր նրանցից դեղ վերցնել:
Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների երեք լազերային սկավառակ է կցված քրեական գործին: Արսեն Ավետյանը Արկադի Վարդանյանի հետ հեռախոսազրույցներում քննարկել է հորը սպանելու տարբեր եղանակները, ընտրություն են կատարել, թե որ միջոցն ավելի արդյունավետ կլինի, որպեսզի Ռոբերտ Ավետյանը առանց խնդիրների «նալերը տնկի»:
Սակայն Արսեն Ավետյանն իր կամքից անկախ պատճառներով չի կարողացել իրականացնել հարազատ հոր սպանությունը, «ներընտանեկան հոգեբանական թրիլերը» երջանիկ ավարտ է ունեցել Ռոբերտ Ավետյանի համար, քանի որ հանցագործության նախապատրաստումը բացահայտվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Վարուժան Սաֆտալյանը, աշխատելով որպես տաքսու վարորդ, Ավանի հոգեբուժարանում բուժվող և դեղատոմսով դեղ ստացած հիվանդ ուղևորից էր ձեռք բերել երեք դեղահաբ «Ազալեպտինը»:
Արսեն Ավետյանը մեղադրվում էր շահադիտական դրդումներով սպանություն նախապատրաստելու և ապօրինի կերպով հոգեմետ դեղ ձեռք բերելու, պահելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 268 հոդվածի 1-ին մասով:
Արկադի Վարդանյանը մեղադրվում է նախապատրաստվող սպանությանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Վարուժան Սաֆտալյանը մեղադրվում է ապօրինի կերպով հոգեմետ դեղ ձեռք բերելու, իրացնելու, ինչպես նաև ծանր հանցագործության նախապատրաստման մասին իմանալու և իրավապահներին չհայտնելու համար:
Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանն առաջադրված մեղադրանքներով իրենց մեղավոր չեն ճանաչում:
Իրեն լիովին մեղավոր է ճանաչում միայն կալանքի տակ չգտնվող ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանը:










































