Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ սկսվում է Զարինե Նալբանդյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 30-ամյա Զարինեն 2011 թվականի հունիսն Հ. Գ.-ից գնել է 398 հազար դրամի կանացի հագուստներ՝ գումարը 10-15 օրվա ընթացքում վճարելու պայմանով: Սակայն վճարումները տարբեր պատրվակներով ժամանակին չի կատարել, 2013 թվականի հունիսից հետո էլ ընդհանրապես դադարել է վճարել՝ Հ. Գ.-ին պատճառելով 355 հազար դրամի գույքային վնաս:
Բացի դրանից, Զարինեն 2013 թվականի հունվարից մինչև մարտ Ժ. Ն.-ից գնել է 514 հազար դրամի կանացի հագուստներ՝ գումարն աստիճանաբար վճարելու պայմանով: Նաև իր ֆինանսական խնդիրները լուծելու համար Զարինեն պարտքով վերցրել է Ժ. Ն.-ին պատկանող և իր առաջարկով գրավադրված ոսկե շղթայի դիմաց գրավատան վճարած 900 հազար դրամը՝ խոստանալով 10-15 օրվա ընթացքում վերադարձնել պարտքը՝ շղթան գրավից հանելով: Սակայն իր խոստումները նա չի կատարել և Ժ. Ն.-ին պատճառել է 758 հազար դրամի գույքային վնաս:
Բացի դրանից, 2013 թվականի փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում Զարինեն Լ. Ի.-ից օրական 30 հազար դրամ վճարելու պայմանով մաս-մաս գնել է ընդհանուրը՝ 1 միլիոն 310 հազար դրամ արժողության ոսկե զարդեր, ինչպես նաև 1 միլիոն 326 հազար դրամ ընդհանուր արժողության հագուստներ, անկողնային պարագաներ, կենցաղային իրեր:
Վճարումներ չկատարելով՝ Զարինեն Լ. Ի.-ին պատճառել է 2 միլիոն 276 հազար դրամի գույքային վնաս:
Բացի դրանից, ցանկանալով ամեն օր խնամված տեսք ունենալ՝ Զարինեն պայմանավորվել է օրական 10 հազար դրամ վճարելու պայմանով օգտվել Ս. Մ.-ի վարսավիրական ծառայություններից: Սակայն վճարումները նա չի կատարել և Ս. Մ.-ին պատճառել է 103 հազար դրամի գույքային վնաս:
Այսպիսով, Զարինե Նալբանդյանը մեղադրվում է մի քանի դրվագ խարդախությունների համար: Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:









































