Ուկրաինայում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ ուղղված զանգվածային բողոքի միջոցառումները: Ուկրաինացիները դժգոհում են իրենց նախագահի այն հայտարարությունից, ըստ որի Ուկրաինան կասեցնում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու վերաբերյալ բոլոր գործընթացները: Հայաստանն իր այդ որոշման մասին ավելի վաղ էր հայտնել, սակայն այստեղ մի քանի տասնյակ ցուցարարների բողոքի ակցիաներից այն կողմ ոչ մի լուրջ գործընթաց չծավալվեց:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը կարծիք հայտնեց, որ ժողովրդագրական, ժողովրդավարական արժեքների իմաստով Հայաստանը բավականին հետ է Ուկրաինայից, հասարակական-քաղաքական ակտիվ կյանքով ապրող քաղաքացիները ևս ավելի փոքրաթիվ են. «Սա նաև պայմանավորված է երկրի տնտեսական վիճակով, ընդդիմության հզորությամբ:
Մեր դեպքում՝ ընդդիմությունը լրջորեն զրկված է տնտեսապես հզոր դերակատարների մասնակցությունից, աջակցությունից, ինչը Հայաստանում հետևողականորեն է արվել: Եթե մեկն ուզում է ունենալ հզոր, կայուն բիզնես, անպայման պետք է իր համաձայնությունը հայտնի գործող իշխանությանը, այլապես իր բիզնեսը շատ արագ կկործանվի. սա նորություն չէ Հայաստանի համար, հիշում ենք 2007-2008թթ. օրինակները, երբ հալածանքներ սկսվեցին նրանց նկատմամբ, ովքեր ընդդիմության կողմն էին կանգնել»,- ասաց նա:
Մեր հարցին` հնարավո՞ր է նաև ռուսամետ իշխանության առկայությունն էլ դերակատարում ունի, Լևոն Բարսեղյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ միայն ռուսամետության հարց չէ, օրինակ` Ուկրաինայում իշխող կուսակցությունն անհամեմատ ռուսամետ է: Մեր դեպքում իշխանությունը հանրությունից ընտրված չլինելով՝ հաճախ ապավինում է դրսի զորավորներին, նրանց աջակցությանն է դիմում: Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանության թեկնածուները ամենից առաջ փորձել են «դաբրոն» բերել Ռուսաստանից: Նաև հասկանալի են որոշ պատմական , ժողովրդագրական կապեր, Հայաստանի բնակչության մի մասը Ռուսաստանում է աշխատում, այնտեղից փողեր ուղարկում, բայց ամենակարևոր պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված չէ և պետք է ապավինեն դրսի լեգիտիմացմանը:
Ուկրաինայի դեպքում ռուսական, թե արևմտյան կողմնորոշումների միջև պայքարում հաղթեց ռուսական կողմնորոշման թևը, առհասարակ չենք կարող ասել, թե Յանուկովիչը լեգիտիմ չէ և զանգավածային օրինախախտումների հետևանքով է դարձել նախագահ, ինչպես Սերժ Սագսյանը»:
Բարսեղյանի գնահատմամբ՝ իրենց մոտ ռուսամետների և արևմտամետների վեճը քիչ թե շատ արդարացված է, իսկ մեզ մոտ՝ ոչ, որովհետև մեզ մոտ ժողովրդի կողմից ընտրված չէ մրցակցող թևը:
Հետաքրքրվեցինք նաև, թե գուցե Հայաստանում ընդդիմությունն էլ է ռուսամետ, և դա է պատճառը, որ զանգվածային բողոքի ակցիաներ չեն լինում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Հայաստանում արևտամետ կողմնորոշում ունեցող ընդդիմադիր թևն անհամեմատ թույլ է: Դա ակնհայտորեն երևում է՝ հասարակական ընդվզումների ժամանակ:
Ես չեմ ուզում հատ-հատ կուսակցություններ թվարկել: Բայց երբ սեպտեմբերի 4-ին փողոց դուրս եկան ակտիվ քաղաքացիները, որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական ուժերն էին կազմակերպիչները, իսկ Ուկրաինայի դեպքում՝ Ռադայում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերը, կռիվը սկսեց հենց ընդդիմադիր կուսակցությունը և ցույցերի կազմակերպիչն էլ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչն է, մեր դեպքում նման բան չեղավ, պատճառն ընդհանուր Հայաստանի թուլությունն է»:
Լևոն Բարսեղյանի խոսքերով՝ եթե մեր իշխանությունն այսպիսին չլիներ՝ դժվար կլիներ Սերժ Սարգսյանին շանտաժի ենթարկել. «Իհարկե ասում են, թե այդպես չի եղել, շանտաժի չեն ենթարկել, բայց այդպիսի ոչ ադեկվատ որոշումները, բնականաբար, ճնշումների հետևանքով են եղել. «Մենք շատ լուրջ խնդիր ունենք` Հայաստանը հիմա սաստիկ թուլացած է»:











































