Երկու շաբաթ առաջ Ֆիլիպիններին հարվածած «Հայան» թայֆունի հետևանքով տուժել է շուրջ 5 մլն երեխա, 1.5 միլիոնը կարող է տառապել թերսնումից: Համապատասխան տեղեկությունը տարածել է մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը:
«Թայֆունից տուժել է 5 միլիոն երեխա, ավելի քան մեկ միլիոն տուն ավերվել ու վնասվել է… Ես անհանգստացած եմ, որ 1.5 միլիոն փոքր երեխաների սպառնում է թերսնումը, և 800 հազար հղի ու կերակրող մայրեր պարենային օգնության կարիք ունեն»,- Ամոսի խոսքերն է մեջբերում RIA Novosti-ն:
Ներկայացնելով ֆիլիպինյան կառավարության տվյալներն այն մասին, որ թայֆունի զոհ է դարձել 5.2 հազար մարդ, և որ զոհերի մարմինների որոնումները շարունակվում են, Ամոսն ընդգծել է. «Նման զանգվածային աղետները զանգվածային արձագանք են պահանջում»:
ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է անում 348 մլն դոլար հավաքել ֆիլիպինցիներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:









































