Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունն ընկած է լինելու փողոցում և մնում է միայն վերցնել այն, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ իշխանությունը, որ կազմված է հայաստանցի և նաև Հայաստանի տարածքից դուրս օլիգարխներից, տնտեսական, այլ առևտրային խմբերից, շահառուներից, նաև աշխարհաքաղաքական բաժնետերերից՝ հաշվի առնելով ղարաբաղյան խնդիրը և միջազգային նշանակությունը, հաշվի առնելով հայ-թուրքական հարցը, նաև Իրանի սահմանակցությունը, Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի առկայությունը, ահա ուրեմն այդ ամբողջը, ըստ այդ տրամաբանության, հենված է Սերժ Սարգսյանի վրա և հնարավոր է մի քանի օրում լուծել հարցն ու վերցնել իշխանությունը: Դա լուրջ չէ: Ընդ որում, լուրջ չէ, եթե անգամ հարցը դիտարկենք հանրությանն այսպես ասած ոգևորելու, ոգի տալու, տրամադրելու խնդրի լուծման քարոզչական անհրաժեշտության համատեքստում: Որովհետև հանրությանը ոգևորելու համար անգամ պետք են լուրջ հիմքով ազդակներ, որովհետև անլուրջ հիմքով ազդակների դեպքում ոգևորությունն առաջին իսկ խնդրից հետո անմիջապես վերածվելու է անկման կամ խուճապի:
Ընդամենը յոթ օրում փողոցում կամ հրապարակում ընկնելու ունակ իշխանությունը երկու կամ գրեթե երեք տասնամյակ շարունակ չէր լինի գրեթե անխոցելի, չնայած ունեցել է ներքին մարտահրավերների մի շարք լուրջ հետընտրական փուլեր, նաև ներիշխանական ճգնաժամային փուլեր: Ընդ որում, դրանք հաղթահարվել են թե՛ այն պատճառով, որ իշախանությունը, իշխող համակարգը Հայաստանում իրականում հենված և կառուցված է ոչ թե անձի, այլ կորպորատիվ շահերի վրա։ Եվս մեկ ուշագրավ հանգամանք՝ ընդդիմության և հանրության կապը Հայաստանում գրեթե մշտապես եղել է անձի, լիդերի հանդեպ վերաբերմունքը կամ առավելագույնը ընկերական-բարեկամական-հարազատական կապը: Իսպառ բացակայել է հանրություն-ընդդիմություն փոխադարձ մասնակցային մեխանիզմը, կամ ինչպես հենց Նիկոլ Փաշինյանն էր տարիներ առաջ ճշգրիտ բանաձևել՝ ընդդիմությունը Հայաստանում չի եղել ինստիտուցիոնալ:
Հայաստանում իշխանությունը երբեք ընկած չի եղել, այն էլ՝ փողոցում կամ հրապարակում: Հայաստանում փողոցում կամ հրապարակում «վեր ընկած» է եղել ընդդիմադիր միտքը, հանրային կենսագործունեության տարածքներ ներթափանցելու և ինստիտուտներ ձևավորելու փոխարեն: Ի վերջո, խնդիրը նաև հենց այն է՝ առավել ևս Հայաստանի պայմաններում, հաշվի առնելով արտաքին օբյեկտիվ բարդագույն մարտահրավերները, որ իշխանությունը փոխվի ոչ թե ընկնելով, այլ փոխանցվելով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ:








































