Երեկ՝ նոյեմբերի 21-ին, լրացավ «Սաբերատուր-Սևան» ճամփորդական գործակալության 25-ամյակը, «Եվրոպա» հյուրանոցի 10 և Air France/KLM ու Delta Airlines ավիաընկերությունների Հայաստանում վաճառքի գլխավոր գործակալ «Իքզեքյութիվ Թրավըլ»-ի 10-ամյակը, որը համընկավ ամենամյա Բոժոլե Նուվո (Beaujolais Nouveau) ֆրանսիական գինու տոնակատարության հետ: Այն մեծ շուքով նշվում է աշխարհում, այս տարի՝ 2010-ից հետո երկրորդ անգամ, մեծ շուքով նշվեց նաև Հայաստանում:
Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, բարձր գնահատելով այս երեք ընկերությունների դերակատարությունը հայ-ֆրանսիական բարեկամության, համագործակցության կայացման գործում, նշեց, որ վերոնշյալ երեք ընկերությունների համասեփականատեր Վարուժան Սարգսյանը 40 տարի առաջ ստանձնելով «Սաբերատուր-Սևան» ճամփորդական գործակալության հիմնադրման գործընթացը՝ կարողացավ այնպես անել, որ Լևոն Բաղդասարյանը, ով այսօր այս երեք ընկերությունների նախագահ-համասեփականատերն է, միանա իրեն, համագործակցի՝ էլ ավելի խորացնելու համար Հայաստան-Ֆրանսիա կապերի մերձեցումը և հիմք դնելու բարեկամության գործընթացին:
Դեսպանի դիտարկմամբ՝ այս ընկերությունների ղեկավարները չբավարարվեցին միայն զբոսաշրջիկներ Երևան տեղափոխելով, այլ մտածեցին լուծել նրանց կեցության հարցերը՝ հիմնադրելով «Եվրոպա» հյուրանոցը Երևանում, ինչի շնորհիվ այսօր հյուրանոցը տոնում է իր 10-ամյա տարելիցը:
Դեսպանը նաև հավելեց, որ հյուրանոցային համալիրի ստեղծմամբ գործընթացը չավարտվեց. նրանք մտածեցին նաև Հայաստանից Ֆրանսիա տեղափոխության հարցի մասին՝ հիմք դնելով «Իքզեքյութիվ Թրավըլ»-ի ստեղծմանը, և արդեն տասը տարի է՝ այս ընկերությունը գործում է Հայաստանի շուկայում:
Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ այս տարեդարձերը միայն ընծաներով չեն սահմանափակվում, այլ լինելու է նաև տոնակատարություն:
Երեկ, ժամը 19.00-ին, կայացավ տոնակատարություն, որտեղ այցելուները համտեսեցին նաև գինին, տոնի առթիվ Ֆրանսիայից հրավիրվել էր երգչուհի, եղել է նաև վիճակահանություն՝ այդ թվում ուղևորություն Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ:
Ի դեպ, նրանք ևս մի կարևոր նորություն հայտնեցին. 2014-ին «Էլ ֆրանս»-ը հուլիս և օգոստոս ամիսներին շաբաթվա բոլոր օրերին կիրականացնի չվերթներ Հայաստան-Ֆրանսիա: Իսկ դեսպանն էլ, իր գոհունակությունը հայտնելով երեք ընկերությունների սեփականատերերին, ասաց, որ շատ ավելի լավ կլինի, որ մնացած ամիսներին նույնպես հասնեն ամենօրյա թռիչքների:
Համասեփականատեր Վարուժան Սարգսյանն էլ նշեց, որ այսօր վիզաների դյուրացման գործընթացն ամենակարևորն է՝ հավելելով, որ այդ հարցն էլ ժամանակի ընթացքում կլուծվի:










































