Լոնդոնի մետրոպոլիտենից մոտակա 2 տարում որոշվել է վերացնել բոլոր տոմսարկղերը: Ըստ ITAR-TASS-ի՝ այս մասին հայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը:
«Լոնդոնի մետրոն պետք է քայլի ժամանակին համընթաց, 21-րդ դարում տոմսերի վաճառքը ձեռքով ժամանակավրեպ է: Վերջին 150 տարում մետրոն եղել է մայրաքաղաքի տրանսպորտային սիրտը: Հիմա եկել է ժամանակը՝ այն բարձրացնել նոր մակարդակի»,- ասել է Ջոնսոնը:
Նրա խոսքով՝ մետրոյի 750 տոմսավաճառներին ստիպված կլինեն ազատել աշխատանքից, իսկ ավտոմատ սարքերի թիվը կավելանա:
Լոնդոնի մետրոն ունի 270 կայարան ու ձգվում է 402 կմ: Օրական մետրոյից օգտվում է մոտ 3,5 մլն մարդ:











































