Ուկրաինայի ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել, որն անհրաժեշտ է, որպեսզի Գերագույն ռադան քննարկի կառավարության հրաժարականի մասին հարցը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ընդդիմադիրներն իրենց այս քայլը մեկնաբանում են նախարարների կաբինետի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը դադարեցնելու որոշմամբ:
«Մենք ստորագրահավաք ենք սկսել նախարարների կաբինետին անվստահության մասին բանաձևի գործարկման համար: Այս հակաուկրաինական կառավարությունը պետք է հրաժարական տա»,- հայտարարել է ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը:
Նրա խոսքով՝ նախարարների կաբինետը խախտել է սեփական օրենքները և կարգադրությունները, որոնցում վերջին երեք տարիներին կառավարությունը խոստացել է եվրոպական ինտեգրում: Յացենյուկը հավելել է, որ ուկրաինական ընդդիմությունը մտադիր է քաղաքական խորհրդակցություն անցկացնել հասարակության հետ և Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին կոչ է արել կիրակի մասնակցել ցույցին՝ հաջակցություն երկրի եվրաինտեգրման ընտրության:
Հիշեցնենք, որ Ուկրաինան դադարեցրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը: Համապատասխան որոշում կայացրել է Ուկրաինայի նախարարների կաբինետը: Կառավարությունն այս որոշումը մեկնաբանել է ԱՊՀ երկրների և Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությամբ:









































