Վրաստանում «Սաքարթվելո» կուսակցությունը պահանջում է արգելել վրացական «Աիիսա» ընկերության թողարկած պահպանակները՝ նշելով, որ դրանց տուփերի վրայի պատկերները վիրավորում են մարդկանց ազգային և կրոնական զգացմունքները։
Վրացական «Աիիսա» ընկերությունը պահպանակներ է թողարկում 2017-ից։ Ընկերության արտադրանքի տուփերին կարելի է տեսնել տարբեր պատկերներ, օրինակ՝ Թամար թագուհու, քաղաքական գործիչների, մեջբերված են ասույթներ Շոթա Ռուսթավելիի ստեղծագործություններից և այլն։

«Դա վիրավորում է մեր քաղաքական կազմակերպության անձնական, կրոնական և ազգային զգացմունքները, երկրում քաղաքացիական ըմբոստություն բորբոքում, ծառայում պետության մեջ լարվածություն և անկարգություններ հրահրելուն։ Մենք պահանջում ենք անհապաղ արգելել նշված ընկերության գործունեությունը, արգելել Վրաստանում դրա հիմնադրի և այնտեղ աշխատող անձանց ցանկացած կոմերցիոն գործունեություն, ինչպես նաև պատժել ընկերությանը և նրա գործընկեր կազմակերպություններին, որոնք ստեղծել են դիզայնը, արտադրել են պահպանակները և իրացրել»,-Վրաստանի իշխանություններին դիմել է կուսակցության առաջնորդ Գեորգի Լիլուաշվիլին։ Լիլուաշվիլին պնդում է նաև, որ ընկերությունը, որի հիմնադիրը Աննա Գաչեչիլաձեն է, ֆինանսավորվել է «Սթարթափ-Վրաստան» պետական ֆինանսավորման ծրագրի շրջանակում։









































