Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական թաղամասերում պայթել է ավելի քան 20 ականանետային արկ: Ինչպես հաղորդում է «Սուրիա Ալ-Ան» հեռուստաալիքը, կրկին հարձակման են ենթարկվել մայրաքաղաքի քրիստոնեական շրջանները:
Քասաա, Բաբ-Թումա և Թիջար թաղամասերում վիրավորվել է ութ մարդ:
Արկերն ընկել են նաև Աբասյանների հրապարակի մոտ, Համրա առևտրային փողոցում և Մեզա թաղամասում, տուժածներ չկան, պատճառվել է զգալի նյութական վնաս:
Ֆեյհա ստադիոնի մոտ երկու ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է 5 մարդ: Դամասկոս-Դերաա հարավային մայրուղու վրա գրոհայինները պայթուցիկ սարք են պայթեցրել հորդանանցի գրողների պատվիրակության միկրոավտոբուսի ճանապարհին, որի հետևանքով վիրավորվել է 5 մարդ:
Հաղորդվում է նաև, որ գրոհայինները ներխուժել են Դեյր-Աթիյա քրիստոնեական քաղաք, որը տեղակայված է մայրաքաղաքից 70 կմ հյուսիս հեռավորության վրա, և պատանդներ են վերցրել: Նրանց թվում են ուսանողներ և բժիշկներ:










































