Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը շուրջ 1500 ուկրաինացիներ, որոնք դժգոհ են Ուկրաինայի կառավարության՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը դադարեցնելու որոշումից, հավաքվել էին Կիևում՝ Անկախության մայդանում՝ հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Պարբերականի տվյալներով՝ տեղի ժամանակով ժամը 00.15-ի դրությամբ (Երևանի ժամանակով՝ ժամը 02.15-ին) կենտրոնական հրապարակում եղել է շուրջ 1500 մարդ, որոնց թիվն ավելի ուշ շատացել է: Կենտրոնում են գտնվել նաև մի քանի ավտոբուսներ՝ ուժայիններով:
Ակտիվիստներին աջակցել են նաև ընդդիմադիր քաղաքական մի շարք գործիչներ:
Պարբերականի փոխանցմամբ՝ ուժայիններով ավտոբուսը փակել էր Ուկրաինայի նախագահի վարչակազմի շենքի մուտքը:
Հիշեցնենք, որ Ուկրաինան դադարեցրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը: Համապատասխան որոշումը կայացրել է Ուկրաինայի նախարարների կաբինետը: Կառավարությունն այս որոշումը մեկնաբանել է ԱՊՀ երկրների և Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությամբ:










































