Այսօր կառավարության շենքի առջև «Կուտակային կենսաթոշակների» մասին ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ ակցիային ընդառաջ՝ ոստիկանությունը իրականացրել է կանխարգելիչ միջոցառումներ: Աննախադեպ շատ են կարմիր ջոկատայինները, ոստիկանները, նաև՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը սա բացատրում է հետևյալ կերպ. «Դա պայմանավորված է կանխարգելիչ աշխատանքով, մենք կոչված ենք հասարակական կարգն ապահովելու, ոստիկաններ միշտ լինում են»:
Ոստիկանները վստահեցնում են, որ հասարակական կարգն այսօր չի խախտվի, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանների՝ կառավարության շենքի մոտ հայտնվելը բացատրվում է նրանով, որ ոստիկանները կարող են որպես քաղաքացի հայտնվել տարածքում:
Մեր հարցին՝ իսկ որտե՞ղ էին ոստիկանները նոյեմբերի 5-ին, որպեսզի կանխեին հնարավոր բախումը, Օսիպյանը նշեց, որ ոստիկանները այդ օրն էլ են այնտեղ եղել և շատ լավ են աշխատել:
Հարցին՝ արդյոք Օսիպյանը բա՞րձր է գնահատում նոյեմբերի 5-ի իր աշխատանքը, նա պատասխանեց, որ ինքը սովոր չէ գնահատել իր աշխատանքը, և նշեց՝ թող իր աշխատանքը գնահատի ղեկավարությունը:
Այս պահին կառավարության շենքի բակում տարաբնույթ ակցիաներ են՝ հավաքվել են Դալմայի այգու բնակիչները, զոհված զինծառայողների մայրերը, տարբեր խնդիրներ ունեցող այլ անձինք: Ոստիկանների աշխատանքում նկատվում է լարվածություն:
Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է, որ նոյեմբերի 5-ի գործողություններից հետո ոստիկանները մտավախություն ունեն և այդ պատճառով են այդքան ոստիկաններ հավաքվել, Օսիպյանը պատասխանեց՝ ոչ, որևէ մտավախություն չկա:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի










































