Վաշինգտոնն ու Քաբուլը վերջապես համաձայնեցրել են փոխգործակցության պայմանները 2014 թվականից հետո, երբ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորակազմի հիմնական մասը կլքի կենտրոնաասիական երկիրը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ուրախ եմ հայտնել, որ նախագահ Կարզայի հետ առավոտյան անցկացրած մի շարք հեռախոսազրույցների արդյունքում մենք պայմանավորվածության ենք հասնել անվտանգության ոլորտում համագործակցության մասին երկկողմ համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ»,- ասել է Քերին:
Այսօր փաստաթղթի տեքստը կքննարկի Լոյա ջիրգան՝ աֆղանական ցեղերի ավագների ավանդական ժողովը: Արդեն հայտնի են այդ համաձայնագրի որոշ մանրամասներ: Մասնավորապես, ինչպեսև բանակցությունների ընթացքում պահանջել է Վաշինգտոնը, ամերիկացի զինվորականները տեղի դատարանների իրավասությունից դուրս կմնան, և հանցագործության կատարման դեպքում նրանց կդատեն ամերիկյան օրենքներով:
Ջոն Քերին հայտնել է, որ Համիդ Կարզայի հետ հեռախոսազրույցի ժամանակ չի բարձրացրել ամերիկացի զինվորականների գործողություններին առնչվող հարցը, ինչի հետևանքով տուժել էր Աֆղանստանի խաղաղ բնակչությունը: Այդ գործողությունների համար աֆղանական իշխանությունները Վաշինգտոնից ներողություն չեն պահանջում՝ հավաստիացրել է պետքարտուղարը: Հիշեցնենք, որ դա համաձայնագրի ստորագրման համար Քաբուլի գլխավոր պայմաններից էր:
Աֆղանստանում 12-ամյա գործողության հետևանքով ավելի քան 2000 ամերիկացի զինվոր է զոհվել:











































