Պակիստանցի 16-ամյա իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, ով հանդես է եկել Պակիստանի երիտասարդ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ, ստացել է այս տարի իրեն շնորհված Անդրեյ Սախարովի անվան մրցանակը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, պատվավոր մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումարի ժամանակ:
«Սա հատուկ օր է. Սախարովի անվան 25-րդ մրցանակը հանձնվում է շատ արի և անսովոր աղջկա՝ Մալալա Յուսուֆզային: 16 տարեկանում դու արդեն դարձել ես ծայրահեղականության դեմ պայքարի համաշխարհային խորհրդանիշ, և մենք շատ երախտապարտ ենք քեզ, որ դու քո օրինակով ոգեշնչում ես միլիոնավոր երեխաների՝ պայքարելու իրենց իրավունքների համար»,- ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը:
Աղջիկը նշել է, որ մրցանակը նվիրում է Պակիստանի բոլոր քաղաքացիներին և ամբողջ աշխարհին:
Մալալա Յուսուֆզայը հայտնվել է իսլամիստների «սև ցուցակում»: Դեռևս 11 տարեկանում Յուսուֆզայը սկսել է բլոգ պահել, որում պատմել է Սվատ հովտում տեղի ունեցող սպանությունների, մահապատիժների մասին: Այդ տեղանքը 2007-2009թթ. գտնվել է «Թալիբան» շարժման վերահսկողության տակ:









































