Նախագահի աշխատակազմը հոկտեմբերի 29-ին մոտ 4 միլիոն 40 հազար դրամի կամ 10 հազար դոլարի ներկայացուցչական ծախս է կատարել: Գնումը կատարվել է «Գոլդեն Ֆլորենս» ՍՊԸ-ից: Այդ օրը նախագահականը ճաշկերույթ է կազմակերպել Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի առիթով:
Հատկանշական է, որ գերատեսչությունները պատահական օբյեկտներում չեն կազմակերպում իրենց ճաշկերույթներն ու հյուրասիրությունները: Հայտնի է, որ «Գոլդեն Ֆլորենս» ռեստորանային համալիրը պատկանում է «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն և Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Ռեստորանը գտնվում է Հրազդանի կիրճում, և ասում են` այնտեղ սպասարկումը նման այլ օբյեկտների համեմատ կրկնակի թանկ է: Բացի այդ, որպեսզի դեպի իր օբյեկտ տանող ճանապարհը սահուն լինի, Կ. Կարապետյանը քաղաքապետ եղած ժամանակ պետական բյուջեի հաշվին ասֆալտապատեց Հրազդանի կիրճի այդ հատվածը:
Ընդհանրապես, պետական գերատեսչություններն իրենց հյուրասիրություններն ու ճաշկերույթները կազմակերպում են միջին գներից մի քանի անգամ ավելի թանկ օբյեկտներում: Նախագահականը, Ազգային ժողովը, կառավարությունն ու ԱԳ նախարարությունն իրենց հյուրասիրությունները հաճախ կազմակերպում են «Դոլմամա» ռեստորանում, որտեղ սպասարկումը նույնպես սարսափելի թանկ արժե: Հետաքրքիր է նաև, որ պաշտոնյաներն իրենց ընտանեկան միջոցառումներն այդ օբյեկտներում անցկացնելուց զատ, այնտեղ են կազմակերպում նաև պաշտոնական հյուրասիրությունները և այդպիսով պետբյուջեից միլիոններ են փոխանցում դրանց սեփականատերերին, ովքեր, ի դեպ, նույնպես իրենց շարքերից են:
Ավելացնենք, որ նախագահականը հոկտեմբերի 16-ին «Լոմասիստեմս» ընկերությանն էլ 7 մլն 608 հազար դրամով կամ մոտ 19 հազար դոլարով Հայաստանի անկախության 22-ամյակի առիթով անցկացվող միջոցառման սպասասրահի ձևավորում է պատվիրել: Հետաքրքիր է, որ «Լոմասիստեմս» ընկերությունը գրանցված է Արթիկում:
Անցած ամիս նման մի քանի ճոխ ընդունելություն է կազմակերպել նաև Ազգային ժողովը: Օրինակ` հոկտեմբերի 24-ին խորհրդարանն այդ նպատակով 5 մլն 408 հազար և 1 մլն 168 հազար դրամի կամ մոտ 16 հազար դոլարի նման հյուրասիրության պայմանագիր է կնքել «Իվենթ Սոլաշընզ ընդ Ինսենթիվս» ՍՊԸ-ի հետ:








































