Հյուսիսային Կորեայի «հավերժ նախագահ» Կիմ Իր Սենը ցանկանում էր ապրել հնարավորինս երկար և հրամայել էր բժիշկներին գտնել միջոց, որը կերկարացներ նրա կյանքը մինչև 120 տարի: Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում անելով Chosun Iibo թերթին:
Այդ մասին իր գրքում պատմել է Կիմ Իր Սենի բժիշկ Կիմ Սո Ենը, ով 1979 թվականին նշանակվել էր Հյուսիսային Կորեայի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարի պաշտոնում, իսկ 1992 թվականին դասալքվել Հարավային Կորեա:
Իր հրապարակման մեջ բժիշկը պատմել է, որ 30 տարի զբաղվել է երկարակեցության հետազոտմամբ: Նրա խոսքով՝ երբ հյուսիսկորեացի բռնապետը դարձավ 65 տարեկան, նա մասնագետներին իր կյանքը երկարացնելու հանձնարարություն տվեց և երկրի առաջատար մասնագետներին միավորվելու կոչ արեց՝ այդ նպատակին հասնելու համար:
Բժիշկների կողմից հետազոտվել են շուրջ 2000 դեղաբույսերի հատկություններ, որոնցից առավել արժեքավորներն աճեցվել են ու կիրառվել փորձերում:
Կիմ Իր Սենը մահացել է 1994 թվականի հուլիսի 8-ին, 82 տարեկանում: Նրա մարմինը հանգչում է դամբարանում, որը բաց է զբոսաշրջիկների համար:









































