Չնայած Աֆղանստանի հյուսիսում ՆԱՏՕ-ի խոշոր զորախմբի ներկայությանը, այդ տարածաշրջանում առաջացել են երկու ծայրահեղական ցատկահարթակներ, որտեղ կենտրոնացած գրոհայինները կգործեն Կենտրոնական Ասիայում: Այս մասին RIA Novosti-ի հետ հարցազրույցում ասել է Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը:
«Մեզ առավել անհանգստացնում է այն, որ Կենտրոնական Ասիայի հետ աֆղանական հյուսիսային սահմանամերձ շրջանում, չնայած ՆԱՏՕ-ի հսկայական զորախմբի ներկայությանը, առանց խոչընդոտի առաջացել են տարբեր ծայրահեղական կազմակերպությունների մի քանի հազար գրոհայինների կենտրոնացման երկու լուրջ օջախներ: Այդ ցատկահարթակներում ընթանում է նախապատրաստություն Կենտրոնական Ասիայում «աշխատանքի» համար»,- ասել է նա:
Քաբուլովի խոսքով՝ այդ ցատկահարթակներից մեկը գտնվում է Բադահշան և Կունդուզ գավառների շրջանում, մյուսը՝ Բադգիս գավառում: Գրոհայինները պատկանում են տարբեր ազգությունների ու էթնիկ խմբերի. դրանք տաջիկներ են, թուրքմեններ, փուշտուններ, ինչպես նաև Աֆղանստանի ուզբեկներ: Առավել ազդեցիկ խմբավորում է Ուզբեկստանի իսլամական շարժումը: Նրա հետ են այսօր համագործակցում տարածաշրջանում թալիբների բոլոր խմբավորումները:








































