ԱՄՆ պետդեպարտամենտը ուժի մեջ է թողել Հյուսիսային Կորեա չայցելելու մասին նախազգուշացումը իր քաղաքացիների համար, քանի որ նրանց կարող են ձերբակալել այնտեղ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Հյուսիսային Կորեայի արտասահմանցի այցելուները կարող են ձերբակալվել կամ արտաքսվել գործունեության համար, որը Հյուսիսային Կորեայի սահմաններից դուրս քրեական չի համարվում»,- ասվում է պետդեպի հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ անվտանգության հյուսիսկորեական ծառայությունները կարող են որպես լրտեսում որակել չարտոնված այցը երկիր և նույնիսկ խոսակցությունները տեղի բնակիչների հետ:
«Եթե Հյուսիսային Կորեայի իշխանությունները թույլ են տալիս ձեզ երկիր մտնել բջջային հեռախոսով, հիշեք՝ այդ երկրում դուք անձնական կյանքի իրավունք չունեք, և բոլոր հաղորդակցությունները կարող են լրտեսվել»,- նշում է պետդեպը:
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը հայրենակիցներին նաև զգուշացրել է, որ հնարավորություն չունի լիակատար կերպով պաշտպանելու վերջիններիս շահերը Հյուսիսային Կորեայում, որի հետ երկիրը չունի դիվանագիտական հարաբերություններ:






































