Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները 2018-ի ռազմական համագործակցության վերաբերյալ ծրագիր են ստորագրել՝ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի՝ Բաքու կատարած այցի ժամանակ:
Երկկողմ հարաբերությունների ամրապնդումից բացի վրացի նախարարը բարձր է գնահատել նաև համագործակցությունը եռաչափ ձևաչափով՝ Թուրքիայի մասնակցությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Վրաստանին` միջազգային տարբեր հարթակներում Բաքվի դիրքորոշումները և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
Օբյեկտիվորեն` Ադրբեջանն ու Վրաստանը հակամարտությունների կարգավորման հարցում դաշնակիցներ են` չնայած այն հանգամանքին, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունների շնորհիվ Թբիլիսին հիմնականում չեզոքություն է պահպանում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում` շեշտը դնելով հակամարտության արագ կարգավորման և Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունների անհրաժեշտության վրա:
Մյուս կողմից` Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում է Հայաստանին մեկուսացնելու քաղաքականություն` այդ նպատակով օգտագործելով երրորդ երկրների հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հարթակները:
Պատահական չէ, որ ընդունելով Վրաստանի պաշտպանության նախարարին, Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովն իր հերթին հայտնել է, որ հաջորդ շաբաթ Բաքվում նախատեսված է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը: «Սա նոր ձևաչափ է, որը կխթանի տարածաշրջանային համագործակցությունն ու կնպաստի անվտանգության ամրապնդմանը»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Քառակողմ ձևաչափը հերթական առիթն է, որպեսզի Բաքվում հրապարակայնացնեն Հայաստանի մեկուսացման փաստը: Իհարկե, պետք չէ դրամատիզացնել Մամեդյարովի կամ Հասանովի հայտարարությունները, սակայն` մյուս կողմից, իրապես մտահոգիչ է, որ Հայաստանն հայտնվել է տարածաշրջանային բոլոր հնարավոր ինտեգրացիոն նախագծերի լուսանցքում: Հայաստանի արտաքին քաղաքականությունը, կարծես թե, զուրկ է միասնական տրամաբանությունից և, օրինակ, Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների օրակարգը սահմանափակվում է երկկողմ ձևաչափում` շրջանցելով ռազմավարական տեսլականը կամ ռեգիոնալ բաղադրիչը:
Օրինակ, հայ-վրացական հարաբերությունները բացառիկ են, եթե Երևանը դրանք դիտարկի ավելի գլոբալ` եվրոպական ինտեգրման համատեքստում: Սակայն Հայաստանի արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է ընթացիկ խնդիրներով, ինչից հմտորեն օգտվում են Բաքվում: Նույնը վերաբերվում է հայ-իրանական հարաբերություններին, որոնք տարածաշրջանային նշանակություն կարող են ունենալ, եթե Երևանում արձագանքեն Թեհրանից եկող ազդակներին: Սակայն Երևանի ոչ ադեկվատ քաղաքականությունը Իրանում թուլացնում է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, մանավանդ, որ մեր հարևանն, ըստ էության, շուտով եվրոպական շուկաներ կարող է ելք ունենալ Իրան- Ադրբեջան- Ռուսաստան եռակողմ համագործակցության շնորհիվ: Հիմա էլ` Թեհրանն ինտեգրվում է Թուրքիա-Վրաստա-Ադրբեջան եռակողմ համագործակցությանը, ինչն իսկապես ավելի ցցուն է դարձնում Հայաստանի մեկուսացումը: Հայաստանը պարտավոր է մտածել ռեգիոնալ համագործակցության ձևաչափեր, համագործակցության արդյունավետ հարթակներ ստեղծելու ուղղությամբ` մի կողմից, Ադրբեջանի քաղաքականության հետևանքները չեզոքացնելու, մյուս կողմից` Ռուսաստանից միակողմանի կախվածությունը թուլացնելու նպատակով: Խնդիրն, ըստ էության, համալիր և գլոբալ լուծում է պահանջում` արտաքին և ներքին քաղաքականությունների օրգանական կապը հաշվի առնելով: Հայաստանը` պետական և քաղաքական հետամնաց համակարգերով, չի կարող հավակնոտ արտաքին քաղաքականություն վարել:
Մյուս կողմից` ռուսական չուլանի կարգավիճակը երբեք հնարավոր չի դարձնի պետության արդիականացումը:










































