Այս կառավարությունում չկա մեկը, որը զբաղվել է կենսաթոշակային կուտակային համակարգ կիրառած 52 երկրների փորձի ուսումնասիրությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Ես ունեմ բոլոր երկրների պատկերը: Այո՛, մի 7 երկիր պարտադիրով սկսել են, հետո հասկացել են, որ չի լինի: Եթե սա պարտադիր կուտակային է, ապա թող պետական լինի: Այսինքն՝ ավելացրեք պետական կենսաթոշակային ֆոնդի վրա, ինչո՞ւ եք փողը ինձանից օրենքի պարտադրանքով պոկում տանում Ձեր ընկերոջը տալիս:
Պարզվում է՝ և՛ ԱՊՊԱ-ի, և՛ կենսաթոշակայինի հետևում կանգնած է հանրապետության բարձրագույն ղեկավարությունը՝ որպես բիզնեսմեն: Նայեք՝ ԱՊՊԱ-ում ովքեր են, որ ընկերություններն են, ում են պատկանում»,- ասաց Հ. Բագրատյանը: Նրա խոսքով՝ այս ամենը Տիգրան Սարգսյանի գործելաոճն է: Երբ նրա դիրքերը թույլ են եղել, նա նմանատիպ օրենքներով հանրապետության բարձրագույն ղեկավարությանը «բիզնես է մատուցել, որպեսզի պահեն աշխատանքի»:
Ըստ Բագրատյանի՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի փորձը ցույց տվեց, որ պարտադիր կուտակայինը չի ստացվում: Արդյունքում՝ պարտադիր կուտակայինը միացրել են պետականին:
«Այս երկրները հրաժարվեցին: Էստոնիայում, որի մասին իրենք ասել են, այդպիսի բան չկա: Նախ Էստոնիայում 2% են աշխատողները դնում: Էստոնացիք հաշվել են, որ իրենք էնքան աղքատ են (չնայած մեզանից 5 անգամ հարուստ են), որ չի կարելի էդ մակարդակում 5% վերցնել: Գործատուն դնում է 4%, 4% էլ արտոնություն է ստանում: Դուք էլ որ 2% դնում եք, ստանում եք արտոնություն եկամտահարկի գծով: Եվ համակարգը Էստոնիայում աշխատում է, որովհետև այնտեղ եկամուտների պարտադիր հայտարարագրում կա: 100 անգամ ասացինք՝ եթե տարեկան պարտադիր հայտարարագրում չկա (մենակ բարձրաստիճաններն են անում Հայաստանում), համակարգը ներդնել անհնարին է: 6 ամիս ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը ասում է՝ հեսա ֆինանսների նախարարի հետ գանք քեզ մոտ, էդպես չի, որ դու ասում ես: 8 ամիս չեկան, անընդհատ սպասում էինք»,- ասաց Հ. Բագրատյանը՝ հավելելով, որ ինքը պատրաստ է ցանկացած հետաքրքրվողի տալ համապատասխան կայքն ու տեղեկությունները Էստոնիայի համակարգի մասին, որը նման չէ մեր կառավարության առաջարկած տարբերակին:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































