Վախերի և ֆոբիաների հաղթահարումը շատ գիտնականների ազնիվ նպատակն է: Դրան հասնելու համար օգտագործվում է ուղեղի մագնիսական խթանումը, վիրտուալ իրականությունը և նույնիսկ ուղեղի բջիջների փոխպատվաստումը:
Ճապոնացի և ամերիկացի գիտնականների մի խումբ առաջարկել է ֆոբիաների դեմ պայքարի սկզբունքային այլ մեթոդ: Դրա էությունը կայանում է ուղեղի գործունեության մանիպուլյացիայի մեջ՝ հատուկ ձևով `շրջանցելով գիտակցությունը:
Նոր աշխատության հեղինակները կարծում են, որ ֆոբիաները ձևավորվում են ոչ գիտակից մակարդակում, ուստի հենց այդտեղ էլ պետք է պայքարել դրանց դեմ:

Մասնագետներն աշխատել են պարզ և տարածված օրինակների վրա՝ վախ օձերից և սարդերից: Անգամ եթե մարդը հասկանում է, որ կենդանին թունավոր չէ և կյանքի համար վտանգ չի ներկայացնում, այնուհանդերձ վախենում է նրանից: Դա տեղի է ունենում ոչ գիտակցական մակարդակում: Այդ վախի ձևավորումը տեսնելու համար գիտնականներն ստեղծել են արհեստական ինտելեկտ:
Գիտափորձին մասնակցել է 30՝ հոգեբանորեն առողջ մարդկանցից բաղկացած խումբ: Մասնակիցներին ցուցադրվել են տարբեր կենդանիների և առարկաների լուսանկարներ, միաժամանակ գիտնականները հետևել են նրանց ուղեղի արձագանքին: Արդյունքում նրանք հայտնաբերել են ուղեղի աշխատանքի փոփոխության որոշակի օրինաչափություն:
Այնուհետև օձերից և սարդերից ամենաշատը վախեցող 17 մարդու նորից են ցուցադրել այդ լուսանկարները: Ամեն անգամ, երբ ուղեղը վախի ազդանշան է ուղարկել, նրանց վճարել են գումար՝ որպես փոխհատուցում: Այդպիսով նրանք փորձել են դրական ասոցիացիաներ առաջացնել այդ պատկերների հետ կապված:
Փորձարկումների արդյունքում գիտնականները հայտարարել են, որ հնարավոր է արհեստական ինտելեկտի միջոցով ներգործել մարդու վախերի վրա:








































