Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վաշինգտոնից բացատրություններ է պահանջել Գերմանիայում ԱՄՆ ԱԱԳ-ի ծավալած գործունեության հանգամանքների վերաբերյալ՝ ընդգծելով, որ դա որպես հիմք կծառայի «նոր տրանսատլանտյան վստահության ստեղծման համար»:
Այս մասին Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է՝ ելույթ ունենալով բունդեստագում:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և տրանսատլանտյան ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնագրի ստորագրումը «ներկա պահին, անկասկած, փորձության են ենթարկվում ԱՄՆ-ի հասցեին հնչած մեղադրանքների պատճառով, որոնք վերաբերում են միլիոնավոր տվյալների հավաքագրմանը»:
Գերմանիայի կանցլերը նշել է, որ չնայած ԱԱԳ-ի լրտեսական գործունեությանը, «գերմանա-ամերիկյան և տրանսատլանտյան հարաբերությունները մեծ նշանակություն ունեն Գերմանիայի, ինչպես նաև ամբողջ Եվրոպայի համար»,- փոխանցում է ИТАР ТАСС-ը:








































