Վրաստանի ՆԳ նախարար, ապագա վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին և Իսրայելի ՆԳ նախարարի տեղակալ Ֆաինա Կիրշենբաումը Թբիլիսիում ստորագրել են երկու երկրների միջև առանց այցագրի ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիր: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունը:
Տվյալ համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի Վրաստանի և Իսրայելի օրենսդիր մարմինների վավերացումից հետո, Վրաստանի քաղաքացիներին թույլ կտա 6 ամսվա ընթացքում 90 օրով առանց մուտքի այցագիր ձևակերպելու այցելել Իսրայել:
Վրաստանում միակողմանի կարգով առանց այցագրի ռեժիմ է սահմանված Իսրայելի քաղաքացիների համար:
Վրաստանի քաղաքացիների համար առանց այցագրի ռեժիմ սահմանելու հարցը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին օրակարգում դրել էր հունիսին Իսրայել կատարած այցի ընթացքում:









































